Ռուսաստանյան գազային հսկա «Գազպրոմ» ընկերությունն ու Իրանը քննարկում են Հայաստանին գազի մատակարարման ընթացքում փոխանակման գործողությունները. այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը Լյուքսեմբուրգում Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեի հետ հանդիպման արդյունքներով:
«Այո՛, թեման շոշափվել է: Ներկայում մենք մեր իրանցի գործընկերների հետ մշակում ենք փոխանակման գործողություններին վերաբերող հարցեր»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցությունների ընթացքում անդրադարձ եղել է Իրանից Հայաստան գազի մատակարարման թեմային:
Ինչպես հաղորդում է «Գազպրոմ»-ի կայքը, դեկտեմբերի 8-ին շարունակվել են բանակցությունները պաշտոնական Թբիլիսիի հետ՝ վերջինիս տարածքով ռուսական գազի տարանցման և Վրաստանին դրա կոմերցիոն մատակարարումների հարցերի շուրջ:
Վրաստանի և «Գազպրոմի» բանակցությունները
«Գազպրոմ»-ի հետ բանակցությունների թեման Վրաստանում սկսել է ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել սեպտեմբերի վերջին Բրյուսելում Վրաստանի էներգետիկայի նախարար Քալաձեի և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման մասին, որին քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը և Ռուսաստանից Հայաստան Վրաստանով անցնող գազատարով երկնագույն վառելիքի տարանցման ծավալի ավելացումը:
Հոկտեմբերի 26-ին Միլանում կայացել է«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Քալաձեի հանդիպումը: Ըստ «Գազպրոմի» պաշտոնական կայքի՝ հանդիպմանը շարունակվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման և դրա կոմերցիոն մատակարարումների հարցերի քննարկումը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի էներգետիկայի նախարարը, Ադրբեջանը ի վիճակի չէ ամբողջությամբ բավարարել Վրաստանի գազի պահանջները, ինչին հակադարձել է SOCAR Georgia-ի գլխավոր տնօրեն Մահին Մամեդովը:
«Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ բավարարում է այդ պահանջները»,- ասել է Մամեդովը՝ նշելով, որ Ադրբեջանը օրական գրեթե 6 մլն խմ գազ է մատակարարում Վրաստանին, մինչդեռ երկրում օրական սպառվում է մոտ 6,2 մլն խմ գազ:
ՌԴ գազային հսկայի հետ բանակցությունները խիստ քննադատում է վրացական ընդդիմությունը՝ պարբերաբար անցկացնելով բողոքի ակցիաներ և հայտարարելով, որ դրանք սպառնում են Վրաստանի քաղաքական և էներգետիկ անկախությանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փորձելով փարատել ընդդիմության մտավախությունը, թե ադրբեջանական գազը փոխարինվելու է ռուսականով, ասել է. «Ադրբեջանական գազը փոխարինելու մասին խոսք չկա: Դա կատարյալ աբսուրդ է: Դա չի համապատասխանում իրականությանը, և ես խնդրում եմ անպատասխանատու քաղաքական գործիչներին չմոլորեցնել քաղաքացիներին»:
Հոկտեմբերի վերջին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ քրեական ոչինչ չկա նրանում, որ Վրաստանը ցանկանում է ռուսական գազ գնել:
Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Ադրբեջանն ունի գազի այնքան մեծ պաշարներ, որ անգամ 100 տարի անց կբավարարի ոչ միայն սեփական, այլև հարևանների և Եվրոպայի գազի պահանջները»:
Civilnet











