Իրաքը ծրագրում է կրճատել կառավարական ծրագրի շրջանակում Թուրքիայից ձեթի ներմուծումը` պայմանավորված երկու երկրների միջև քաղաքական լարվածությամբ, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իրաքյան Ալ Բայինա ալ Ջադիդա թերթը:
Իրաքի առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ վարչակազմն աստիճանաբար կդադարեցնի Թուրքիայից ձեթի ներմուծումը, որն անվճար մատակարարվում է բնակչությանը` պարենային ապրանքների չափակարգման ծրագրի շրջանակում:
«Ծրագրվում է թուրքական ձեթը փոխարինել տեղական արտադրության և այլ երկրներից ներկրվող ձեթով»,- ասել է նա` առանց մատնանշելու թուրքական ձեթն այլ մատակարարումներով փոխարինելու պատճառը:
Գործակալությունը, վկայակոչելով բաղդադյան թերթը, նշում է սակայն, որ տվյալ որոշումը բողոքի նշան է` ուղղված հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի տեղակայման դեմ:
Reuters-ը գրում է նաև, որ Իրաքի առևտրի նախարարի պաշտոնակատար Մուհամադ Շիա աս Սուդանին անցած շաբաթ Բաղդադում հանդիպում է ունեցել Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանի հետ և քննարկել է Թուրքիայի փոխարեն Հայաստանից ձեթ գնելու հնարավորությունը:
Գործակալությունը նշում է, որ Իրաքում Հայաստանի դեսպանատանը հանդիպման փաստատը հաստատել են, սակայն հրաժարվել են մանրամասներ ներկայացնելուց:
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ևս հաստատեց հանդիպման փաստը: Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա Բալայանը միայն ասաց. «Մեր առաջնահերթ խնդիրն է նոր շուկաներ գտնել մեր արտադրանքի համար: Աշխատում ենք, որ մեր արտադրանքը նոր շուկաներ գրավի»:
Պարենային ապրանքների չափակարգման ծրագրի շրջանակում ամեն ամիս իրաքցիներին բաժանվում է շաքարավազ, ալյուր, ձեթ և բրինձ. մթերքների քանակությունը կախված է ընտանիքի անդամների թվից:
Համաձայն Իրաքի առևտրի նախարարության խոսնակի` վերջին մի քանի տարիներին Թուրքիան է մատակարարել կառավարության ծրագրի շրջանակում բաժանվող ձեթի ողջ ծավալը: Նրա խոսքով` Թուրքիայից ձեթի ներմուծումը կրճատելու վերոնշյալ որոշումը մասնավոր հատվածին չի վերաբերում:
Civilnet











