Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո` ԱՄՆ Կոնգրեսում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո` ԱՄՆ Կոնգրեսում
Միացյալ Նահանգների Կոնգրեսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո, որին ներկա են եղել բազմաթիվ կոնգրեսականներ և սենատորներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ ու հոգևորականներ: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, ազդեցիկ սենատոր Ռոբերտ Մենենդեզն իր ելույթում ընդգծել է, որ դեպքերը պետք է կոչել իրենց անուններով և Հայոց ցեղասպանությունը՝ «ցեղասպանություն». «Մենք չենք կարող ցեղասպանությունն այլ կերպ անվանել: Այն, ինչ տեղի է ունեցել 1915-ից 1923 թվականներին, ինչի արդյունքում մեկ և կես միլիոն հայ կորցրեցին իրենց կյանքը, ցեղասպանություն էր, և ոչ մի այլ բառ չի կարող փոխարինել այդ բառին: Մենք պետք է ճանաչենք այն պետական մակարդակով»: Սենատորը հայտնել է, որ հույս ունի՝ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: «Երբ հերքում ես ցեղասպանությունը կամ Հոլոքոստը, դրանով իսկ ցույց ես տալիս, որ ցանկացողները կարող են այն օգտագործել որպես գործիք՝ առանց լուրջ հետևանքների»,- նշել է Մենենդեզը: Միանալով քննադատությանը` ԱՄՆ-ի մեկ այլ օրենսդիր, ազդեցիկ կոնգրեսական Էդ Ռոյսը հիշեցրել է հավաքվածներին Ադոլֆ Հիտլերի հայտնի բառերը, թե կարելի է ոչնչացնել հրեաներին, քանի որ այսօր ո՞վ է հիշում ոչնչացված հայերի մասին: Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ծագումով հրեա է և որի բարեկամների մի մասը նույնպես անհետ կորել է Հրեական ողջակիզման տարիներին, նույնպես զուգահեռներ է անց կացրել Ողջակիզման և Հայոց ցեղասպանության միջև. «Սակայն, Հայոց ցեղասպանության վերքը յուրահատուկ և շարունակական է այն առումով, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից»: Կոնգրեսական Ռոբերտ Դոլդն իր ելույթում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին ինքը, չլինելով հայ, սրտով իրեն հայ է զգում և պատրաստ է պայքարել մինչև վերջ ցեղասպանության փաստի ճանաչման համար: Պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը` բացատրելով տեղի ունեցածը պատերազմական իրավիճակով: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի կոնգրեսականն ընդգծում է. «Եթե դրանք լինեին վիճելի հարցեր, եթե չիմանայինք, թե ինչ էր տեղի ունեցել, այլ բան է: Սակայն, կան լուսանկարներ, փաստեր, վկայություններ, իրական մարդիկ, որոնք անցել են դրա միջով»: Կոնգրեսականի խոսքով, բարեբախտաբար, Օսմանյան Թուրքիայի ծրագրերը տապալվեցին. «Օսմանյան կայսրությունը համակարգված փորձում էր բնաջնջել հայ ժողովրդին, սակայն, ես նայում եմ այսօր ձեր աչքերի մեջ, և այն փաստը, որ դուք բոլորդ այստեղ եք, նրանց տապալման լավագույն ապացույցն է»: Վերջում, մեկ անգամ ևս հիշեցնելով Հիտլերի խոսքերը, սենատոր Մենենդեզն ընդգծել է. «Ինչ վերաբերում է Հիտլերի խոսքերին, թե ով է հիշում այսօր հայերին, մեր պատասխանը մեկն է. մե՛նք ենք հիշում հայերին, Հայոց պետությո՛ւնն է հիշում հայերին, մե՛նք` Միացյալ Նահանգների Կոնգրեսում ենք հիշում հայերին և մենք կանգ չենք առնելու, մինչև համոզված չլինենք, որ պատմական փաստերը ճանաչվել են»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում