Եվրամիությունը չպետք է կուրորեն վստահի Էրդողանին՝ փախստականների ճգնաժամի լուծման հարցում, այլ պետք է փնտրի խնդրի սեփական լուծումները. Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջինիս համոզմամբ՝ պետք չէ միմյանց հետ կապել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձի վերաբերյալ քվեարկությունն ու Թուրքիայի և ԵՄ-ի՝ փախստականների շուրջ համաձայնագրի հնարավոր խզումը:
ՀՀ նախագահը պատմել է, որ այնպիսի «զգացողություն ունի, որ գործարքն ամեն դեպքում բարակ ոտքերի վրա է կանգնած, և այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է, այն կյանքի կոչելը դժվար կլինի երկարաժամկետ հեռանկարում»:
«Բացարձակապես ակնհայտ է, որ փախստականների շուրջ համաձայնագրի հնարավոր ձախողումը չունի ոչ մի ընդհանուր բան Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հետ»,- շեշտել է Սարգսյանը:
Հարցին, թե կարո՞ղ է ԵՄ-ն վստահել Թուրքիայի նախագահին, Սարգսյանը պատասխանել է, որ չի կարող խոսել ԵՄ-ի փոխարեն, սակայն ելնելով սեփական փորձից՝ կարող է ասել՝ «Ո՛չ»:
«Մենք չենք հավատում Էրդողանին»,- հայտարարել է Սարգսյանը: Նա վկայակոչել է «Էրդողանի կողմից ցյուրիխյան համաձայնագրերի վավերացման սառեցումը»:
***
«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսված է հունիսի 2-ին:
Մայիսի 24-ին Երևանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևում «փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում»:
Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի խորհրդարանում քննարկվել էր նաև 2015թ. ապրիլի 24-ին: «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևն այդ ժամանակ, սակայն, քվեարկության չէր դրվել։ Խորհրդարանական խմբացկությունները երկու ժամ տևած բանավեճից հետո ընդհանուր հայտարարի չէին եկել բանաձևում 1915-ի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» եզրի հստակ կիրառման շուրջ:
Պաշտոնական Անկարան վերջին օրերին Բեռլինին անընդմեջ հորդորում է հանել օրակարգից բանաձևը, որը, թուրք պաշտոնյաների պնդմամբ, վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին:
Ստելլա Մեհրաբեկյան