Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Աբրահամյանը կարևորել է ԱՄՆ կառավարության՝ անցած տարիների ընթացքում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած օժանդակությունը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:
Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու ԱՄՆ-ի հետ համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունները՝ հավելելով, որ ներկայում ընթացքի մեջ են հաջողությամբ իրականացվող մի շարք ծրագրեր:
Ռիչարդ Միլսը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջև առևտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման:
Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում նշված ոլորտներում էական առաջընթացի հասնելու նպատակով:
Civilnet











