Գլխավոր Լրահոս

Մենք քեզ հե՛տ ենք, Կարո՛․ Սերժ Թանկյան

Մենք քեզ հե՛տ ենք, Կարո՛․ Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում աջակցություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական միություն» կուսակցության (HDP) անդամ Կարո Փայլանին։  «Այսօր՝ Մարտին Լյութեր Քինգի այս հիշարժան օրը, Էրդողանի կառավարությունն արտաքսում է Թուրքիայի խորհրդարանի անդամի՝ Հայոց ցեղասպանությունը բարձրաձայնելու համար։ Կարո Փայլանն իսկական հերոս է, քանի որ հեշտ է խոսել ճշմարտության մասին մի հասարակությունում, որում չեն լինի հետևանքներ, սակայն շատ վտանգավոր՝ մի հասարակությունում, որը հղի է բազմաթիվ հետևանքներով։ Անցյալ տարի նրան հանդիպելու եզակի պատվի եմ արժանացել։ Մենք քեզ հե՛տ ենք, Կարո՛»,- գրել է Թանկյանը։
Հունվարի 13-ին Կարո Փայլանը Մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը, ինչի համար որոշում է կայացվել նրան հեռացնել երեք նիստից: Փայլանը հայտարարել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են, կամ տանջանքների են ենթարկվել»: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին զայրացրել է Փայլանի հայտարարությունը: Մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդանը պահանջել է Փայլանից ուղղել խոսքերը` ասելով, որ այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանություն որակվել»: Սակայն հայ պատգամավորը շարունակել է խոսքը` ասելով. «Ժամանակին մենք 20 տոկոսն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, և ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»:
Իշխող կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքը պահանջել է «ուղղել ցեղասպանություն բառը»: Որոշվել է դադար տալ նիստին: Դադարից հետո իշխող կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները դատապարտել են Փայլանի խոսքերը: Մեջլիսի հայ պատգամավորին «ցեղասպանություն» եզրույթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերն անգամ հանվել են նիստի արձանագրություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարո Փայլանն ասել է, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Պատգամավորը Սահմանադրական դատարանի միջոցով փորձելու է իրավական հարթություն տեղափոխել Հայոց ցեղասպանության հարցը: Սպառնալիքներ ստանալու վերաբերյալ հարցին ի պատասխան` պատգամավորը նշել է, որ բնականաբար դրանք կան, իսկ վերջին շրջանում անգամ ավելացել են, սակայն իր կողքին կա սատարողների մեծ բանակ: «Բացասական արձագանքներ, բնականաբար, կան, քանի որ ազգայնական մթնոլորտում ենք ապրում: Սակայն աջակիցներ ևս ունեմ, և ես շարունակում եմ իմ պայքարը»,- ասել է նա: Թվիթերում իր գրառումներից մեկում հայ պատգամավորը նշել է․ «Այս օրերին եթե խոսքը վերաբերում է հայերին, եթե խոսքը վերաբերում է քրդերին, «Արդարություն և զարգացում» (AKP, ԱԶԿ), «Ազգայնական շարժում» (MHP) և Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցությունները նույն շարքում են»։
2015թ․ հոկտեմբերին ՍիվիլՆեթը Կարո Փայլանին հանդիպել էր Ստամբուլում և նրա հետ զրուցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործունեության, Հայոց ցեղասպանության վերաբերյալ կուսակցության դիրքորոշման պատճառների մասին։
Գլխավոր լուսանկարը՝ Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան էջից։ Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում