Գլխավոր Լրահոս

Լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 13-րդ տարելիցը

Լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 13-րդ տարելիցը
Փետրվարի 19-ին լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 13-րդ տարելիցը։ 2004թ. հենց այս օրը Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։ Գուրգեն Մարգարյանը ծնվել է Երևանում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվել էր Զինված Ուժեր: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը և դարձել ՀՀ Պաշտպանության նախարարության սպա։ Մեկ այլ սպա` Հայկ Մակուչյանի հետ 2004թ․ հունվարի 11-ից Գուրգենը մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» խրագրի շրջանակում անգլերենի 3-ամսյա ուսումնական դասընթացներին, որոնց մասնկացում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։ Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ․ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի։ 2013թ. մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներման շնորհումը և ըստ էության` արդարացումն ու հերոսացումը, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։ Մարգարյանը հուղարկավորվել է  Եռաբլուրի զինվորական պանթեոնում: Աջափնյակ համայնքում սպանված հայ սպայի անվան պուրակում տեղադրվել է նրա հուշարձանը: Անի Գրիգորյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում