Ապրիլի 6-ին ԱՄՆ-ը 59 Tomahawk հրթիռ է արձակել կենտրոնական Սիրիայում գտնվող ավիաբազայի վրա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հարվածն անվանել է Իդլիբում ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակման «վրեժ», որի արդյունքում զոհվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքում է քիմիական հարձակման առնչությամբ իր դեմ մեղադրանքները։ Պենտագոնից հայտարարել են, որ հետևել են քիմիական հարձակմանը մասնակցած ինքնաթիռներին։ Ամերիկյան իշխանությունները հրապարակել են այդ օդանավերի ենթադրյալ երթուղու քարտեզը։ Ամերիկյան հարվածներին հետևել է մի շարք պետությունների արձագանքը։Կրեմլի արձագանքը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը բարձրաձայնել է նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը․
Ամերիկյան հարվածները Սիրիայում ագրեսիա է ինքնիշխան պետության դեմ՝ միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ, ընդ որում՝ հորինված պատրվակով։
Պեսկովն ասել է, որ Վաշինգտոնի այդ քայլը զգալի հարված է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ողբալի վիճակում են։
ՌԴ ԱԳՆ արձագանքը
ՌԴ ԱԳՆ-ն հարվածները որակել է« անխելք մոտեցում», որը խորացնում է առկա խնդիրները։
Առանց որևէ բան հասկանալու նեղություն քաշելու՝ ԱՄՆ-ը դիմել է ուժի ցուցադրության և մի երկրի դեմ ռազմական դիմակայության, որը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ։
Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված՝ Սիրիայում գործողությունների ընթացում միջադեպերի կանխման և օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործողությունը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները հիշեցնում են ներխուժումը Իրաք։
Թուրքիայի արձագանքը
Թուրքիան դրական է արձագանքել ամերիկյան հարվածներին և հայտարարել, որ միջազգային հանրությունը պետք է դիրքորոշում որդեգրի սիրիական կառավարության «բարբարոսության» դեմ․ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ապրիլի 7-ին։
Ինչպես հստակ ձևակերպել է մեր նախագահը, մենք ցանկանում ենք ոչ միայն լսել խոսքեր, այլև տեսնել գործողություններ։ Այս տեսանկյունից ԱՄՆ-ի հարվածը ռազմաբազայի վրա կարևոր է և իմաստալից։ Մենք ողջունում ենք այս գործողությունը և կարծում, որ Ասադի վարչակարգը պետք է ամբողջապես պատժվի միջազգայնորեն։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսացրույցներ է հայցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի իր պաշտոնակիցների հետ։ Նա հանդես է եկել Սիրիայում անվտանգության և թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին։
Բրիտանիայի արձագանքը
Ամերիկյան հարվածը կրել է սահմանափակ և թիրախային բնույթ։
Բրիտանիան նաև դիմել է Ռուսաստանին՝ կոչ անելով օգտագործել իր ազդեցությունը Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու համար։
Գերմանիայի արձագանքը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձախողումից հետո հարձակումը ռազմական օբյեկտների վրա օրինաչափ է։ Ներկայում կենսականորեն անհրաժեշտ է աշխատել ՄԱԿ-ի հովանու ներքո՝ խաղաղության և հակամարտության քաղաքական կարգավորման համար։
Օլանդի և Մերկելի հայտարարությունը
Միայն նախագահ Ասադն է մեղավոր իրադարձությունների նման զարգացման մեջ․․․ Գերմանիան և Ֆրանսիան կոչ են անում միջազգային հանրությանը միասին հանդես գալ Սիրիայում իշխանության խաղաղ փոխանցման օգտին։
ՆԱՏՕ-ի արձագանքը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիահարվածների պատասխանատվությունը րում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ նշելով, որ քիմիական զենքի կիրառումը չի կարող անպատասխան մնալ։
ԵՄ արձագանքը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեղեկացրել է ԵՄ-ին, որ հարվածները կրել են սահմանափակ բնույթ և միտված էին քիմիական զենքի կիրառմամբ նոր սարսափների զսպանը։
Կա հստակ տարբերություն ռազմաբազաների վրա ավիահարվածների և խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման միջև։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի արձագանքը
Հարձակումը սիրիական բազայի վրա անհեռատես է և անպատասխանատու։ ԱՄՆ նախագահների փոփոխությունը չի անդրադառնում Վաշինգտոնի քաղաքականության վրա։
Իրանի արձագանքը
Իրանը խստորեն դատապարտել է ամերիկյան գործողությունները Սիրիայում։ Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմի, նշելով, որ Իրանը դեմ է քիմիական զենքի կիրառմանը, ասել է․
Թեհրանը միակողմանի այս գործողությունը համարում է վտանգավոր, ապակառուցողական և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները խախտող։
Սաուդյան Արաբիայի արձագանքը
ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ լիովին աջակցում է ԱՄՆ-ի գործողություններին՝ Դոնալդ Թրամփի այդ քայլը որակելով խիզախ որոշում՝ ի պատասխան խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման։