Գլխավոր Լրահոս

Թուրքիայում վրդովված են թուրքական դրոշի այրմամբ և Թրամփի ուղերձով. ԱԳՆ հայտարարությունները

Թուրքիայում վրդովված են թուրքական դրոշի այրմամբ և Թրամփի ուղերձով. ԱԳՆ հայտարարությունները
Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնական երկու հաղորդագրություններով արձագանքել է Երևանում ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրմանն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին։ Թուրքական ԱԳՆ-ն նշում է, որ դրոշի այրումը «վրդովմունք է առաջացրել ժողովրդի շրջանում», դրոշն էլ «հիմնարար արժեքների մարմնավորում է»։ Ինչ վերաբերում է Թրամփի ուղերձին, ապա Անկարան կարծում է, որ այն «ծագել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի հայկական որոշ շրջանակների կողմից քարոզչական մեթոդներով տեղեկատվության աղավաղումից»։ Բացի այդ, ի ցույց է դրվում Էրդողանի երեկվա ուղերձը, որով, ինչպես կարծում են Անկարայում, «հարգանքի տուրք է մատուցվել Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված Օսմանյան հայերի հիշատակին»։ «Մամուլը հաղորդել է, որ այսպես կոչված 1915թ․ իրադարձությունների տարելիցի ժամանակ Հայաստանի մայրաքաղաք Երևանում թուրքական դրոշ է այրվել։ Դրոշը մարմնավորում է պետության բոլոր հիմնարար արժեքները, համոզմունքներն ու ազատությունը։ Հարձակումը մեր դրոշի դեմ, որը հոմանիշն է թուրքական պետության գոյության, մեր ժողովրդի շրջանում հարուցել է խոր վրդովմունք և արձագանք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ «խստիվ դատապարտելով նման գործողություններն ու դրանց կազմակերպիչներին»։
Մեկ այլ՝ առանձին հայտարարությամբ թուրքական ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ այն որակելով «միակողմանի» և կոչ անելով Վաշինգտոնին «հաշվի առնել բոլոր կողմերի տառապանքները»։ «Մենք համոզված ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի գրավոր հայտարարության մեջ պարունակվող ապատեղեկատվությունն ու կեղծ ձևակերպումները ծագում են տարիներ շարունակ ԱՄՆ-ի հայկական որոշ շրջանակների կողմից քարոզչական մեթոդներով տեղեկատվության աղավաղումից։ ԱՄՆ-ի նոր վարչակազմից ակնկալում ենք, որ չի վստահի այս շրջանակների միակողմանի պատմական նարատիվին, որոնք հայտնի են բռնության և ատելության խոսքի հանդեպ իրենց հակումով և կորդեգրի մոտեցում, որը հաշվի կառնի բոլոր կողմերի տառապանքները։ Կցանկանայինք հիշեցնել ԱՄՆ-ի վարչակազմին, որ Օսմանյան հայերի հիշատակը, որոնք զոհվել էին Առաջին աշխարհամարտի ժամանակ, կրկին ոգեկոչվել է ապրիլի 24-ին Ստամբուլի Հայոց պատրիարքությունում տեղի ունեցած պատարագի ժամանակ՝ արժանի հարգանքով։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, հղված այդ արարողությանը, արտացոլում է այս հարցում Թուրքիայի մոտեցումը»,- ասված է հաղորդագրությունում։ Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում