Փոփոխության և մեկ համակարգից մյուսը անցնելու համար անհրաժեշտ է ցատկել վերև, հակառակ դեպքում դու չես փոխվի․ Երևանում մայիսի 23-24-ն անցկացվող երկօրյա գիտաժողովին՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին անցումային հաջորդ փուլին մոտենալու մասին ասաց մարդասեր, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատմելով ՏաԹևեր նախագծի, Դիլիջանի միջազգային դպրոցի և հաջողված այլ նախագծերի մասին, որոնց սկզբնական շրջանում շատերը, նրա խոսքով, չէին հավատում, և իրեն փորձում էին հետ պահել այդ «խենթ գաղափարներից»։ Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իրենք ընտրում են խարսխային նախագծեր։
«Այսօր Դիլիջանում սովորում են երեխաներ 75 երկրներից՝ Ճապոնիայից մինչև Զիմբաբվե, Չիլի, ամբողջ այս տարածաշրջանից, այդ թվում՝ ութ երեխա Թուրքիայից»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ուրախ կլինեին, եթե ադրբեջանցի երեխաներ նույնպես ուսանեին այնտեղ, քանի որ «մի օր նորից միասին ենք ապրելու»։
«Մեր այսօրվա տեսլականն է՝ հայ ազգը, որն ապրում է Հայաստանում առողջ, լավ կրթված, ստեղծագործում է, զբաղվում գիտությամբ և նորարարությամբ շատ արդի և պրոֆեսիոնալ էկոհամակարգում, որը ներառում է ենթակառուցվածքներ, օրենսդրություն և շրջակա միջավայր՝ Հայաստանը դարձնելով ազգամիջյան կապերի և շփումների հանգույց՝ պահպանելով ազգային ինքնությունը»,- նշեց Վարդանյանը։
Դիլիջանի դպրոցում, ասում է Ռուբեն Վարդանյանը, երեխաներին խրախուսում են պահպանել սեփական ինքնությունը՝ սովորելով ապրել նույն սենյակում այլ ազգերի ներկայացուցիչների հետ։
Հայերի առանձնահատկությունը բարերարը տեսնում է հենց նրանում, որ աշխարհի տարբեր ծայրերում հարմարվելով նոր իրականությանը՝ չեն ձուլվել։
Դիլիջանի դպրոցի առանձնահատկությունը համարում է այն, որ ի տարբերություն այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր սովորող ուսանողների, Հայաստանում սովորողները ստիպված չեն փոխել իրենց ինքնությունը, քանի որ Դիիջանում խրախուսվում է այդ ինքնության պահպանումը։
Պատասխանելով հարցերին՝ Ռուբեն Վարդանյանը կանգ առավ աղքատության մասին հարցի վրա՝ ասելով, որ հենց այդտեղ է լրջագույն մեր խնդիրը։
«Երազանքը աղքատությունից նորմալ կյանքի հասնելն է, և դա շատ վեհ գաղափար է,- ասում է Վարդանյանը,- խնդիրը միայն այն է, որ փոփոխություններ, անցում չես ստեղծում, որպեսզի երրորդ աշխարհից անցնես առաջին աշխարհ»։
Գործարարը ուշադրություն է հրավիրում թվերին՝ 18 տոկոս գործազրկություն և արտադրողականություն, որը 2,5 անգամ ցածր է Եվրոպական Միության ոչ առաջատար երկրների՝ Բուլղարիայի և Ռումինիայի ցուցանիշներից։
«Դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան, բարեգործությունը սպանում է Հայաստանի ապագան այն ձևով, որով արվում է, քանի որ փոփոխության չի մղում,- համոզմունք հայտնեց Ռուբեն Վարդանյանը և շարունակեց։ - Ես միանգամայն համոզված եմ՝ բարեգործությունը, դրամական փոխանցումները, միջազգային օգնությունը, դրամաշնորհները սպանում են Հայաստանի ապագան։ Դրանք նպաստում են «յոլա գնալուն», սակայն չեն ստեղծում լավագույնը դառնալու հնարավորություն»։
Ստելլա Մեհրաբեկյան