Գլխավոր Լրահոս

Ղարաբաղում նոր հակամարտությունը կարող է վերածվել սիրիական պատերազմի երկրորդ բեմի․ Քարնեգի հիմնադրամ

Ղարաբաղում նոր հակամարտությունը կարող է վերածվել սիրիական պատերազմի երկրորդ բեմի․ Քարնեգի հիմնադրամ

«Հանուն համաշխարհային խաղաղության» Քարնեգի հիմնադրամը մայիսի 31-ին հրապարակել է «ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում» զեկույց՝ Եվգենի Ռումերի, Փոլ Ստրոնսկիի և Ռիչարդ Սոկոլսկիի հեղինակությամբ։ Բոլոր երեքը նախկինում զբաղցերել են պաշտոններ ԱՄՆ-ի կառավարությունում և զբաղվել արտաքին քաղաքական, ազգային անվտանգության հարցերով։ Զեկույցում շեշտադրվում է միտքը, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջանահերթությունը պետք է լինի սառեցված հակամարտությունների սրման կանխումը։ «Եթե Լեռնային Ղարաբաղում կրկին մարտեր բռնկվեն, Ռուսաստանն ու Թուրքիան կներգրավվեն անուղղակիորեն, շատ հնարավոր է՝ ուղղակիորեն՝ հաշվի առնելով նրանց համապատասխան կապերը Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Կախված հակամարտության ընթացքից՝ Իրանը նույնպես կարող է ներքաշվել»,- ասված է զեկույցում։

ԱՄՆ-ի շահերն ու առաջնահերթությունները Հարավային Կովկասում 

Վերջին քառորդ դարում Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ է արել Հարավային Կովկասում և երկարաժամկետ հանձնառություններ ստանձնել։ Նա աջակցել է հարավկովկասյան հանրապետությունների անկախությանն ու ինքնիշխանությանը, շարունակում է Մինսկի խմբի համանախագահ լինել։ 

ԱՄՆ-ը նշանակալի մշակութային կապեր ունի երեք պետություններից առնվազն երկուսի հետ․ Ամերիկայի հայկական համայնքը լայն կապեր ունի տարածաշրջանի հետ, ընդլայնվում են Վրաստանի հետ կրթական, մշակութային, քաղաքական կապերը։

Հեղինակները, հերթական անգամ շեշտելով, որ այս տարածարջանում ԱՄՆ-ի քաղաքական առաջնահերթությունը պետք է լինի սառեցված հակամարտությունների սրման կանխումը, փաստում են, որ անցյալ տարվա ապրիլի պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ցույց տվեց, թե որքան վտանգավոր են այս հակամարտությունները ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։ 

Չափազանց կարևոր է ԱՄՆ-ի գործուն դիվանագիտությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման կանխարգելմանը՝ և Մինսկի գործընթացի, և կողմերից յուրաքանչյուրի հետ երկկողմ աշխատանքի միջոցով։ 

Եթե կրկին մարտեր բռնկվեն, Ռուսաստանն ու Թուրքիան կներգրավվեն անուղղակիորեն, շատ հնարավոր է՝ ուղղակիորեն՝ հաշվի առնելով նրանց համապատասխան կապերը Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Կախված հակամարտության ընթացքից՝ Իրանը նույնպես կարող է ներքաշվել։

Հակամարտությունը հավանաբար կարող է դառնալ սիրիական պատերազմի երկրորդ բեմը, որտեղ Ռուսաստանն ու Իրանը Թուրքիայից տարբեր  նպատակներ են հետապնդում։

Կարևոր, սակայն ոչ կենսական շահեր

ԱՄՆ-ը ունի կարևոր, սակայն ոչ կենսական շահեր Հարավային Կովկասում, որոնց թվում են՝ տարածաշրջանային կայունության պահպանումը, սառեցված հակամարտությունների վերսկսման կանխարգելումը, աջակցությունը ժողովրդավարական փոփոխություններին և ավելի լավ կառավարմանը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջազգային ինտեգրումը։ 

ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունը պետք է հիմնված լինի հինգ հիմնարար սկզբունքների վրա․ 

Գերակա դարձնել հակամարտությունների կանխարգելումը, որը ենթադրում է տարածաշրջանի սառեցված հակամարտություններից որևէ մեկի բռնկման կանխում։ 

ԱՄՆ-ի շահերը զգուշորեն առաջ տանել․ ԱՄՆ-ը պետք է աջակցի ժողովրդավարական փոփոխություններին, այդուհանդերձ, տարածաշրջանային միասնական մոտեցումը դժվար արդյունավետ լինի՝ հաշվի առնելով հարավկովկասյան երեք հանրապետությունների տարբեր ուղեգծերը։

Համեստ ակնկալիքներ ունենալ․ ԱՄՆ-ը տարածաշրջանում Ռուսաստանի համեմատ լուրջ աշխարհաքաղաքական թերություն ունի։ Վաշինգտոնը չպետք է տա Մոսկվային հակակշռելու աջակցության խոստում, որը չի կարող ապահովել։ 

Տեղ թողնել ԵՄ-ի համար․ Տնտեսական զարգացումը, օրենքի գերակայություն և ներքին բարեփոխումները կարևոր են ԱՄՆ-ի ներգրավվածության առումով, սակայն Վաշինգտոնը իր գործողությունները պետք է համակարգի ԵՄ-ի հետ։

Իրատեսորեն մոտենալ էներգետիկ պաշարներին․ Տարածաշրջանի համար Կասպից ծովի էներգետիկ պաշարների կարևորությունը անցյալում անիրատեսական ակնկալիքներ է ստեղծել, որոնք անհրաժեշտ է վերահսկողության տակ պահել։  

Ստելլա Մեհրաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում