Գլխավոր Լրահոս

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից մեկ տարի անց․ Հայկ Գաբրիելյանի մեկնաբանությունը

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից մեկ տարի անց․ Հայկ Գաբրիելյանի մեկնաբանությունը
2016թ․ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից մեկ տարի անց Թուրքիայի իրավիճակի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ։ - Պարոն Գաբրիելյան, մեկ տարի անց պատկերը որոշ չափով պարզորո՞շ է՝  ինչու՞  էին ուզում տապալել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը։ - Պատճառը նորից մնում է նույնը. Էրդողանը երկիրը փոքր քայլերով տանում է դեպի իսլամականացում, Թուրքիայում իրականացվում է սողոսկող իսլամականացում, և զինվորականները փորձում էին կանխել այդ գործընթացը, ինչպես որ մինչ այդ արել են մի քանի անգամ՝ տապալելով իսլամամետ կառավարություններին։ Ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) երկրորդ պատճառը համարում եմ Էրդողանի՝ գնալով աճող բռնապետական հակումները և նրա կողմից կիրառվող բռնությունները։ Եվ բացի այդ, շատերը Թուրքիայում արդեն հույսները կտրել են, որ հնարավոր է Էրդողանի ու նրա կուսակցության դեմն առնել ժողովրդավարական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։ Հիշեցնեմ, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և դրանից հետո հաղթել է անընդմեջ բոլոր ընտրություններում (ՏԻՄ, խորհրդարանական, նախագահական)։ Բացի այդ, հաջողությամբ իրականացրել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ 3 հանրաքվե (2007, 2010, 2017)։ ԱԶԿ-ի այս հաղթանակները հիմնականում պայմանավորված են եղել նրա տնտեսական նվաճումներով, քաղաքական իսլամին աջակցելով և այլն։ Եվ տվյալ ժամանակ Էրդողանին ու նրա կուսակցությանը քաղաքական ասպարեզից հեռացնելու համար թերևս միակ ճանապարհը ՌՀՓ-ն էր։ - Կարո՞ղ ենք  համակարծիք լինել Թուրքիայի ղեկավարության հետ ու մեզ հասանելի  աղբյուրները  համադրելով՝ ասել, որ կազմակերպիչը կամ կազմակերպիչներից մեկը Ֆեթուլլահ Գյուլենն է կամ նրա համայնքը։ Դուք նրա համայքնի հետքը տեսնու՞մ եք։ - Բարդ է հստակ պատասխանել այս հարցին։ Այն, որ Գյուլենը բավական շահագրգռված է իշխանական ղեկից Էրդողանին հեռացնելով, դա միանշանակ է, սակայն հստակ չի կարելի ասել, թե հենց նա էր ՌՀՓ-ի կազմակերպիչը կամ կազմակերպիչներից մեկը։ Գյուլենն անձամբ քանիցս ժխտել է իրեն հասցեագրված տվյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ովքեր կազմակերպել և իրականացրել են ՌՀՓ-ը, դեմ են գնացել իր հայացքներին։ Ես ավելի շատ հավատում եմ, որ ՌՀՓ-ը կազմակերպել էր սպաների մի խումբ, ընդ որում՝ խոսքը չի վերաբերում ողջ բարձրագույն զինվորական ղեկավարությանը։ Եվ բարձրաստիճան զինվորականների միջև եղած տարաձայնությունները հանդիսացել են ՌՀՓ-ի տապալման պատճառներից մեկը։ Ես հակված եմ ավելի շատ հավատալ թուրքական ընդդիմության (ԺՀԿ) վարկածին, որի 307 էջանոց զեկույցում 2016թ. հուլիսի 15-ի դեպքերը որակվում են որպես վերահսկվող հեղաշրջում։ Այսինքն Էրդողանը նախապես իմացել է ՌՀՓ-ի մասին, և կանխարգելիչ միջոցների շնորհիվ հասել է դրա տապալմանը։ Եվ հետաքրքրականն այն էր, որ ՌՀՓ-ից անմիջապես անց Էրդողանը հայտարարել էր, որ դրա մասին իմացել է իր փեսա, էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքից՝ Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) մեղադրելով վատ աշխատելու համար։ Վերջին շրջանում թուրքական մամուլում եղան մի շարք հրապարակումներ, որ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանն ու Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Հուլուսի Աքարը ՌՀՓ-ից մեկ օր առաջ՝ հուլիսի 14-ին, 6.5 ժամանոց հանդիպում են ունեցել Անկարայում, ինչից հետո MIT-ն ու ԳՇ-ն ձեռնարկել են կանխարգելիչ մի շարք միջոցներ, և դա խռովարարներին հարկադրել է ՌՀՓ-ը սկսել ոչ թե հուլիսի 16-ին ժամը 03.00-ին, այլ՝ հուլիսի 15-ին ժամը 20.30-ին։ Հենց այդ հանգամանքն էլ կարևոր դեր է խաղացել ՌՀՓ-ի տապալման համար, քանի որ Թուրքիայում ռազմական հեղաշրջումները սովորաբար սկսել են գիշերային ժամերին, երբ մարդիկ քնած են եղել և առավոտյան նոր իմացել են բռնի իշխանափոխության մասին։ Ի դեպ, թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ՌՀՓ-ից 6 օր առաջ Էրդողանը հանկարծակի անհետացել է,  և երբ հայտնվել է, նույն օրը տեղի է ունեցել ՌՀՓ-ը։ Հաղորդվել է նաև այն մասին, որ ՌՀՓ-ից մեկ ամիս առաջ Էրդողանի խորհրդականները շարունակ կատակել են ՌՀՓ-ի մասին։ - Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց, որ ռազմական հեղաշրջման տապալումը ժողովրդավարության հաղթանակն է։  Բայց հետևեց արտակարգ դրությունն ու անթիվ ու անհամար ձերբակալությունները, որ տարածվեց ամբողջ երկրով մեկ՝ դատական համակարգից մինչև ակադեմիական ոլորտ։ Ովքե՞ր հայտնվեցին կառավարող ռեժիմի թիրախում և ինչու՞։ - Տարբեր տվյալներով՝ ՌՀՓ-ից հետո թուրքական իշխանությունների գործողություններից տուժել է մոտ 1 միլիոն մարդ։ Ընդ որում՝ ՌՀՓ-ին հաջորդած բռնությունների ալիքը կարելի է որոշ առումով համեմատել 1980թ. Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջմանը հաջորդած բռնությունների ալիքի հետ։ Եվ զարմանալի չէ, որ Էրդողանը ՌՀՓ-ը որակել է որպես Ալլահի նվեր. նրանք, ովքեր ցանկանում էին թուլացնել կամ տապալել Էրդողանին, իրենց գործողություններով նրան հնարավորություն տվեցին էլ ավելի ամրապնդել սեփական դիրքերը, քարտ բլանշ տվեցին՝ երկրում սկսելու «վհուկների որս»։ Բնականաբար, այստեղ ժողովրդավարության հաղթանակի մասին խոսք լինել չի կարող, երբ Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, երբ ԵԽԽՎ-ը 13 տարվա ընդմիջումից հետո վերականգնում է ԵԽ-ի առջև Թուրքիայի ստանձնած պարտավորությունների իրագործման նկատմամբ մոնիթորինգ անցկացնելը, երբ եվրոպացի առաջնորդները հայտարարում են, որ Էրդողանի կառավարման ժամանակ անհնար է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը, որ Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնումը խաչ կքաշի ոչ միայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարի, այլև՝ ԵԽ-ում Թուրքիայի անդամակցության վրա, քանի որ ԵԽ-ի անդամ որևէ երկրում չի գործում մահապատիժ (Բելառուսին հենց այդ պատճառով չեն ընդունում ԵԽ)։ ՌՀՓ-ից հետո թուրքական իշխանությունների թիրախում հայտնվեցին առաջին հերթին այլակարծները, որոնց կպցնում են «գյուլենականի» պիտակ։ Կատարվեցին ռազմական մի շարք բարեփոխումներ, որոնք զգալիորեն սահմանափակեցին ԳՇ-ի ազդեցությունը ռազմական ոլորտում (որպեսզի բավական շատ ուժ չկենտրոնացվի մեկ ձեռքում)։ Թուրքական իշխանությունների ներքին քաղաքականության հետևանքով երկրում զգալիորեն աճել է մատնությունների թիվը, և անգամ հենց իշխանություններն են սկսել իրենց քաղաքացիներին հորդորել գյուլենականների մասին ներկայացնել միայն հավաստի տեղեկություններ։ Եվ ընդհանրապես, վերջին շրջանում Թուրքիայում ամեն (անցանկալի) բան սկսել են բարդել գյուլենականների վրա, այդ թվում նաև 2007թ. Հրանտ Դինքի սպանությունը և 2015թ. ռուսական մարտական ինքնաթիռի ոչնչացումը։ - Ի՞նչ փոխվեց Թուրքիայի քաղաքական դասավորվածության մեջ։  Շատերն ասում են Թուրքիան ամբողջովին էրդողանական դարձավ։ - Թուրքիայի քաղաքական դասավորվածությունը զգալի փոփոխությունների չենթարկվեց։ Հիշատակության արժանի է այս տարվա ապրիլին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը նախատեսում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել կառավարման նախագահական համակարգի, այսինքն նախագահը ստանալու է աննախադեպ լայն լիազորություններ։ Ընդ որում՝ նկատենք, որ այդ հանրաքվեն անցկացվեց արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, որը 3 ամսով սահմանվել էր ՌՀՓ-ից ընդամենը օրեր անց և քանիցս երկարաձգվել։ Ուշագրավ է, որ դեռևս 2016թ. աշնանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստանում էր, որ հանրաքվեն չի անցկացվելու արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, որպեսզի ոչ ոք չկարողանա կասկածի տակ դնել դրա արդյունքները՝ հայտարարելով, որ հանրաքվեն անցկացվում է ճնշման ներքո։ Հենց ՌՀՓ-ի և այս հանրաքվեի արդյունքները շատերի մոտ տպավորություն է ստեղծում, որ Թուրքիան ամբողջովին դարձավ էրդողանական։ Սակայն ես չէի շտապի այդ հարցում, քանի որ ինչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումներն ուժի մեջ են մտնելու 2019թ., և ես չեմ բացառում, որ սեփական թեկնածությունն առաջադրելու դեպքում 2019թ. Թուրքիայի նախագահ կարող է վերստին դառնալ Աբդուլլահ Գյուլը, ով, ի դեպ, կստանա նախագահական աննախադեպ լայն լիազորություններ, որոնց վաղուց տենչում էր Էրդողանը։ Ըստ իս՝ իր շատ ավելի մեղմ և կանխատեսելի հայացքներով հայտնի Աբդուլլահ Գյուլի թեկնածությանը կարող են աջակցել ԱԶԿ-ի մի մասը, քեմալականները (ԺՀԿ), քրդերը, գյուլենականները, ինչպես նաև Թուրքիայի հարևան երկրները, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը։ - Կառավարող «Արդարություն ու զարգացում կուսակցությունը»  իր աշխարհայացքով է կառուցում Թուրքիան ու փորձում իր  աշխարահայացքի համաձայն կերտել «թուրքի» կերպարը։ Նկատելի է իսլամական ու ազգայնական գաղափարների համադրություն ու օսմանյան անցյալը փառավորելու ու այն   վերաիմաստավորելու և վերակենդանացնելու ձգտում։  Ի՞նչ կասեք այս մասին։ - Համակարծիք եմ այս տեսակետի հետ, որ Թուրքիայի իշխանությունները սկսել են համադրել իսլամական ու ազգայնական կամ ազգայնամոլական գաղափարները (վերջին շրջանում ԱԶԿ-ն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը բավական սերտորեն համագործակցում են միմյանց հետ)։ Բավական նկատելի է նաև այն, որ Էրդողանը շարունակ, ամեն պատեհ ու անպատեհ առիթներով փառաբանում ու վերաիմաստավորում է օսմանյան անցյալը։ Օրինակները, բավական շատ են։ Ասենք, Թուրքիայում կառուցված կորվետները ջուրն են իջեցվում կամ շահագործման են հանձնվում սեպտեմբերի 27-ին՝ 1538թ. Փրեվեզեի ծովամարտում (Հունաստանի հյուսիս-արևմուտք) օսմանյան նավատորմի տարած հաղթանակի օրը։ Կամ երբ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողությունը սկսվեց 2016թ. օգոստոսի 24-ին՝ այսինքն Մերջիդաբըքի ճակատամարտից ուղիղ 500 տարի անց, երբ Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1516թ. օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում պարտության մատնեց մամլուքներին, և արդյունքում օսմանյան պետությանը միացվեցին Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը, և Սելիմ Ահեղը դարձավ նաև խալիֆ։ Ի դեպ, 2017թ. հանրաքվեից հետո Էրդողանն առաջինն այցելեց հենց Սելիմ Ահեղի գերեզման։ Այս ամենին զուգահեռ Էրդողանը շարունակ անուղղակիորեն ու ուղղակիորեն զբաղվում է ինքնագովազդով։ Նա շարունակ փառաբանում է ՌՀՓ-ի տապալումը՝ հայտարարելով, որ «երկիրը փրկել է օկուպացումից» և այն որակում է որպես «ազատագրական երկրորդ պատերազմի հաղթանակ»։ Հայտնի է, որ Թուրքիայում որպես «ազատագրական առաջին պատերազմի հաղթանակ» են որակում քեմալական շարժման հաղթանակը, որը գլխավորել է ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Եվ այժմ իրեն որակելով որպես «ազատագրական երկրորդ պատերազմի հաղթող»՝ Էրդողանը իրեն դնում է Քեմալ Աթաթուրքի հետ առնվազն մեկ հարթության վրա (ՌՀՓ-ի տապալումը Թուրքիայում անգամ համեմատել են 1915թ. Դարդանելի օպերացիայի հետ, որն ավարտվեց անգլո-ֆրանսիական զորքերի պարտությամբ)։ - Ինչպես կբնորոշեք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ - Էրդողանին կբնորոշեի որպես բռնապետական հակումներ, չափազանց մեծ հավակնություններ ունեցող, «իր բացառիկությունը» շարունակ ընդգծող անձ, որն ունի պոռթկուն բնավորություն և հաճախ աչքի է ընկնում երկրի համար անհեռատես քայլերով, ինչպիսին էր ասենք ռուսական մարտական ինքնաթիռի ոչնչացումը կամ Ինջիրլիքի ավիաբազայի հարցում նախ ԱՄՆ-ին, ապա նաև Գերմանիային ընդդիմանալը։ Էրդողանը իրեն երևակայում է որպես սուլթան և խալիֆ, նա ցանկանում է Թուրքիայի պատմության մեջ մտնել Աթաթուրքին առնվազն հավասար և անգամ որպես գերազանցած առաջնորդ։ Սակայն հնարավոր է, որ Մերձավոր Արևելքում քրդական պետությունը ստեղծվի հենց Էրդողանի նախագահության (տեսականորեն կարող է Թուրքիայի նախագահի պաշտոնում մնալ ցմահ՝ մինչև 2033թ.) ժամանակ, ինչը նրա համար կլինի կատարյալ ֆիասկո (Էրդողանը շարունակ հայտարարում է, թե ոչ մի գնով թույլ չի տա քրդական պետության ստեղծում)։ - Մեր նախորդ հարցազրույցներից մեկում Դուք ասում էիք, որ Թուրքիան վերադառնալու է զրո խնդիր հարևանների հետ քաղաքականությանը ու չէիք բացառում Հայաստանի հետ հարաբերությունների որոշակի աշխուժացում։  Ի՞նչ կասեք հիմա։ - Ես առաջին անգամ 2016թ. հունիսի երկրորդ կեսին եմ ասել, որ Թուրքիան վերադառնում է «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը, քանի որ տեսնում էի, որ Թուրքիան այդ ժամանակ գժտվել էր գրեթե բոլոր հարևան երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու ԵՄ-ի հետ, ինչը չէր կարող երկար ժամանակ շարունակվել այդպես։ Եվ դրանից ընդամենը օրեր անց Թուրքիան ու Իսրայելը ստորագրեցին հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, ինչպես նաև Էրդողանի հայտնի նամակով տրվեց ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունների մեկնարկը (մեկ առիթով արդեն նշել եմ, որ Իսրայելի ու ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համընկնումը պատահական չէր)։ Թուրքական կողմն այդ ժամանակ անգամ հայտարարություններ արեց Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, որի հետ գժտվել էր դրանից մի քանի տարի առաջ։ Այդ ֆոնին չէի բացառում նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված որոշ քայլերի ձեռնարկում։ Եվ ահա այս ամենից հետո Թուրքիայում գրանցվում է ՌՀՓ-ը, որն արմատական փոփոխություններ է առաջ բերում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում։ Թուրքիայի իշխանությունները սկսում են լրջորեն հաշվի առնել այն հանգամանքը, թե որ երկրներն են իրենց աջակցության մասին հայտնել հենց ՌՀՓ-ի ժամանակ և ոչ թե սպասել են ՌՀՓ-ի ավարտին և հետո նոր միայն իրենց աջակցությունն են հայտնել թուրքական իշխանություններին։ Այսինքն, ՌՀՓ-ը կարևոր ջրբաժան դարձավ այդ հարցում, և ինչպես հայտարարել է Էրդողանը, ՌՀՓ-ն իրենց օգնեց հասկանալու համար, թե ովքեր են երկրի իսկական ընկերները, ովքեր նրան օգնում են նեղ ժամանակ (նաև դրանով էր պայմանավորված ՌՀՓ-ից հետո ՌԴ-ի ու Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը)։ Այժմ իրավիճակն այլ է. Թուրքիայի իշխանությունները թերևս ավելի շատ զբաղված են 2017թ. հանրաքվեից հետո երկրի ներսում օրենքներ փոխելու և 2019թ. կայանալիք 3 ընտրությունները (Թուրքիայում սա առաջին դեպքն է, որ մեկ տարում պետք է անցկացվի միանգամից 3 ընտրություն՝ ՏԻՄ, խորհրդարանական, նախագահական) հաղթելու խնդիրներով։ Սակայն եթե Աբդուլլահ Գյուլն առաջադրվի ու հաղթի 2019թ. նախագահական ընտրություններում, ապա նրա հաղթանակը ճանապարհ կհարթի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման, երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ 2014թ. մայիսին Գյուլը հիշեցրել էր, որ Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն է՝ հավելելով, որ դեռ հույս կա փրկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Բացի այդ, 2015թ. Գյուլի խորհրդական Ահմեդ Սևերի հեղինակած «Աբդուլլահ Գյուլի հետ 12 տարի. ապրեցի, տեսա, գրեցի» գրքում նշված էր, որ Գյուլը 2008թ. Հայաստան է մեկնել՝ չնայած այդ հարցում մնացել է միայնակ. Հայաստան Գյուլի այցին դեմ են եղել, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու ԳՇ պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը։ Զրուցել է Գոռ Երանյանը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում