Գլխավոր Լրահոս

Իսպանիան Թուրքիայի խնդրանքով ձերբակալել է թուրք հայտնի մտավորական Դողան Ախանլըին

Իսպանիան Թուրքիայի խնդրանքով ձերբակալել է թուրք հայտնի մտավորական Դողան Ախանլըին
Իսպանիայի իրավապահ մարմինները Թուրքիայի կողմից Ինտերպոլ ներկայացրած հայցի հիման վրա ձերբակալել են Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրող թուրք մտավորական, գրող Դողան Ախանլըին: Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը, Գերմանիայի քաղաքական շրջանակները Ախանլըի ձերբակալությունը որակում են քաղաքական պատվեր: Գրողը թուրք այն մտավորականներից է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և այդ թեմայով գրքեր հեղինակել: Ախանլըի ձերբակալության օրդերը տրվել է «կարմիր ծանուցմամբ»: Նրա փաստաբան Իլիաս Ույարը Der Spiegel պարբերականին ասել է, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին, և մեղադրանքներն աղոտ են: Ույարի խոսքով՝ Ախանլըի ձերբակալությունը «Թուրքիայի կառավարության կողմից Եվրոպայում բնակվող քննադատների դեմ սկսված որսի մի մաս է կազմում»: Deutsche Welle-ն շեշտում է, որ մտավորականի ձերբակալությունը Գերմանիայում ցասում է հարուցել. խորհրդարանականները կոչ են անում ազատ արձակել Ախանլըին: «Ես դիմել եմ ԱԳՆ՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել իսպանական իշխանությունների հետ՝ կանխելու նրա արտահանձնումը Թուրքիա»,- ասել է Կանաչների կուսակցության անդամ Վոլքեր Բեքը: Քյոլնի Kölner Stadt-Anzeiger պարբերականի համաձայն, Գերմանիայի արտաքին գերատեսչությունը հետաքննում է միջադեպը: Բեքի դիտարկմամբ՝ թուրք գրողի ձերբակալությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փորձն է «տարածել իր իշխանությունը երկրի սահմաններից դուրս՝ իր քննադատներին ահաբեկելու և աշխարհով մեկ նրանց հետապնդելու նպատակով»: Ձախ կուսակցության համանախագահ Կատյա Քիփինգը Թվիթերում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ախանլըին՝ գրելով. «Անհավատալի է: Ես Դողան Ախանլըի անհապաղ ազատ արձակման կոչ եմ անում: Դեռ որքան ենք թույլ տալու, որ Էրդողանը մտնի Եվրոպա»: Թուրքական Hurriyet Daily News-ը տեղեկացնում է, որ Դողան Ախանլըն ձերբակալվել է օգոստոսի 19-ին իսպանական Գրանադայում: Իսպանիան կարող է արտահանձնել Ախանլըին այն դեպքում, եթե Թուրքիան համոզի իսպանական դատարաններին, որ գրողի դեմ իրական մեղադրանքներ ունի: Ախանլըն Թուրքիայից փախել է 1991թ.: 1995-ից ապրում է Քյոլնում: Նրա ձերբակալությանը Ֆեյսբուքում անդրադարձել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը. «Խոսքեր չունեմ: Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են թուրք մտավորական, գրող Դողան Ախանլըին արձակուրդի ժամանակ: 1991-ին նա փախել էր Գերմանիա, որտեղ ստացել էր քաղաքական ապաստան: 1998-ին Թուրքիան նրան զրկել էր քաղաքացիությունից: Նա դարձել էր Գերմանիայի քաղաքացի 2001-ին: 2010-ին նա ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում, երբ եկել էր տեսակցելու մահացող հորը: Նա այդպես էլ չէր կարողացել տեսակցել հորը և միայն այցելել էր հոր գերեզման: 2011-ին նա արդարացվել էր և վերադարձել Գերմանիա: Չէ, Իսպանիան երևի նրան ձերբակալել է Թուրքիայի հայցով: Սա չար կատակ է»:
Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները երկրում սկսել են զանգվածային ձերբակալություններ, որոնց արդյունքում ազատազրկվել է ավելի քան 50 հազար մարդ:
Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի թուրքերին կոչ է արել սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կանցլեր Անգելա Մերկելի դեմ քվեարկել: Մերկելը Էրդողանի կոչը դատապարտել է՝ ասելով, որ Գերմանիան թույլ չի տա Էրդողանին ազդեցություն ունենալ քարոզարշավի ընթացքի վրա: Դողան Ախանլըն թուրք այն մտավորականներից է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և այդ թեմային նվիրել գրքեր: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում