Գլխավոր Լրահոս

Էրդողանը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորում է «չափերի մեջ մնալ», Անկարայի քաղաքապետը Օզդեմիրին անվանում է «հայ ծառա»

Էրդողանը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորում է «չափերի մեջ մնալ», Անկարայի քաղաքապետը Օզդեմիրին անվանում է «հայ ծառա»
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թուրքական ծագմամբ գերմանացի քաղաքական գործիչ, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին անվանել է «հայ ծառա և դավաճան»։ Օզդեմիրը թուրք ներգաղթյալների զավակ է, Թուրքիայի իշխանությունների քննադատ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած բանաձևի նախաձեռնող և կողմնակից։ Ի դեպ, հենց բանաձևի ընդունման օրը՝ 2016թ․ հունիսի 2-ին, Օզդեմիրը հայտարարել էր, որ «չի վիրավորվում, երբ թուրք ազգայնականները իրեն հայ են անվանում»։  Վերջին շաբաթներին թուրք-գերմանական հարաբերությունները ծայրաստիճան լարված են և ուղեկցվում են փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով։ «Տե՛ղդ նստիր, հայ ծառա»,- Թվիթերում գրառում է արել Անկարայի քաղաքապետը։ «Ջան/Ջեմը՝ դավաճանության մրցավազքում»,- ասված է Գյոքչեքի գրառումն ուղեկցող լուսանկարի գրության մեջ։ Ջեմը Օզդեմիրն է, Ջանը թերևս վերաբերում է ձախական հայացքներով թուրք լրագրող Ջան Դյունդարին, որը ապաստանել է Գերմանիայում՝ խուսափելով Թուրքիայում ընդդիմադիրների դեմ սկսված հետապնդումներից։ Այս ամենին Օզդեմիրը արձագանքել է գերմաներեն ֆեյսբուքյան հետևյալ գրառմամբ․ «Ծնվել եմ այստեղ։ AfD. Դու գերմանացի չես, դու թուրք ես։ AKP. Դու գերմանացի չես, դու թուրք ես։ Հարցե՞ր»: [AfD («Այլընտրանք Գերմանիայի համար») կուսակցությունը գերմանական աջակողմյան պոպուլիստական կուսակցություն է, AKP-ն («Արդարություն և զարգացում») Թուրքիայի իշխող կուսակցությունն է - ՍիվիլՆեթ]:
Օզդեմիրի հասցեին Գյոքչեքի վիրավորական արտահայտությունները մեկնաբանել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, որն իր հերթին բազմիցս ենթարկվել է Թուրքիայի իշխող քաղաքական շրջանակների հետապնդումներին։
«Ջեմ Օզդեմիրը պատմության մեջ կմտնի որպես Թուրքիայի պարծանք, իսկ դու՝ որպես ռասիստական, ֆաշիստական խայտառակություն»,- գրել է Փայլանը։
Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի թուրքական համայնքին կոչ է արել սեպտեմբերի 24-ի խորհրդարանական ընտրություններում չքվեարկել Մերկելի կուսակցության օգտին, ինչին անմիջապես արձագանքել է Մերկելը․ իր կառավարությունը թույլ չի տա որևէ միջամտություն ընտրություններին։ Ավելին, Էրդողանը, դիմելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին, հորդորել է նրան «չափերի մեջ մնալ»։ Գաբրիելը քննադատել էր Թուրքիայի ղեկավարին գերմանական ընտրություններին միջամտելու փորձի համար։ «Նա չափերը չի ճանաչում։ Ո՞վ ես դու, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ։ Չափդ իմացիր։ Նա փորձում է մեզ դաս տալ․․․ Որքա՞ն ժամանակ ես քաղաքականության մեջ։ Քանի՞ տարեկան ես»,- Էրդողանին մեջբերում է The Local պարբերականը։ Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում