Լուսանկարում՝ Այ ՎեյվեյըՍեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը, կայացել է «Հրանտ Դինք» միջազգային 9-րդ մրցանակաբաշխությունը։ Մրցանակն այս տարի հանձնվել է հայտնի իրավապաշտպան Էրեն Քեսքինին ու չինացի այլախոհ արվեստագետ Այ Վեյվեյին։ Քեսքինը հայտնի է Թուրքիայում իրավապաշտպան գործունեությամբ, Վեյվեյն իր արտասովոր աշխատանքներով ուշադրություն է հրավիրում աշխարհում անհավասարության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին։
Արարողության բացմանը «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ, Դինքի այրի Ռաքել Դինքը ավանդույթի համաձայն խոսել է նրանց մասին, ովքեր հայտնվել են ճաղերի հետևում իրենց կարծիքն արտահայտելու համար, և եզրափակել ելույթը՝ ողջունելով իրավապաշտպաններին, որոնք ազատազրկվել են հուլիսի 5-ին։
Այ Վեյվեյը չինացի ժամանակակից նկարիչ է, ճարտարապետ, համադրող և քննադատ։ 2011թ․ ճանաչվել է արվեստի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Time ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շարքում Վեյվեյը 24-րդն է։ Նկարիչը ստեղծում է նուրբ քաղաքական ստեղծագործություններ, որոնք քննադատում են Չինաստանում տեղի ունեցող արմատական փոփոխությունները։ 2011թ․ Այ Վեյվեյը ձերբակալվել էր, նրա ստուդիան խուզարկվել էր, նյութերը՝ առգրավվել, գործընկերները՝ բերման ենթարկվել։ Նա անազատության մեջ է մնացել երեք ամիս։ 2015-ից ի վեր Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա նկարիչը աշխարհի ուշադրությունն է հրավիրում փախստականների գոյատևման պայքարին։
Լուսանկարում՝ Էրեն Քեսքինը
Թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը հայտնի է իր խիզախ իրավապաշտպան գործունեությամբ։ 1995թ․ «Օզգյուր Գյունդեմ» թերթում տպագրված հոդվածում «Քուրդիստան» բառն օգտագործելու համար վեց ամիս անցկացրել է բանտում։ 1997թ․ հիմնադրել Կալանավայրերում սեռական բռնություններից իրավական պաշտպանության գրասենյակ։ 2002թ․ դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման մի ելույթի համար, որում խոսել է պետության կողմից սեռական բռնությունների մասին, որից հետո նրան արգելվել է զբաղվել իրավաբանական գործունեությամբ։ Մինչև այսօր նրա դեմ բացված 143 գործեր կան։
Մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է նաև ավանդական «Ոգեշնչում» տեսանյութը, որում ներկայացվել են Թուրքիայում և դրա սահմաններից դուրս այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք իրենց գործողություններով ապագայի հանդեպ հույս են արթնացնում։
Այս տարվա ժյուրիում ընդգրկված էին 2016թ․ մրցանակակիրներ՝ Դիարբեքիրի «Իրավաբանների միությունը» և Մալավիում մանկական ամուսնությունների դեմ և հանուն երեխաների կրթության պայքարող Թերեզա Կաչինդամոտոն, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ատոմ Էգոյանը, փիլիսոփա Էթյեն Բալիբարը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, փիլիսոփա Միշել Մարիանը, բանաստեղծ, գրող և գրաքննադատ Մուրաթան Մունգանը, ֆեմինիստական ուղղության գրող, իրավապաշտպան Շիրին Թեքելին և «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ, Դինքի այրի Ռաքել Դինքը:
«Հրանտ Դինք» մրցանակն ամեն տարի շնորհվում է Թուրքիայի ներսում կամ դրանից դուրս երկու անձանց, խմբերի կամ կազմակերպությունների, որոնք պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, իրենց իդեալների համար վտանգում են սեփական կյանքը, խոսում են խաղաղության լեզվով` այդ կերպ ոգեշնչելով և խրախուսելով մյուսներին: Այս մրցանակով «Հրանտ Դինք» հիմնադրամը նպատակ ունի հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց իդեալների համար, որ նրանց ձայնը լսելի է, աշխատանքը՝ տեսանելի, և նրանք միայնակ չեն:
Ստելլա Մեհրաբեկյան