Ռուսաստանի մաքսային ծառայությունը գտել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքով թուրքական լոլիկի ներկրումը կանխելու ձևը, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Թուրքական լոլիկը ռուսական շուկա էր ներկրվում հայկական և ադրբեջանական պիտակներով։
Ռուսաստանի մաքսային ծառայությունը գտել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքով թուրքական լոլիկի ներկրումը կանխելու միջոցը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Ռուսլան Դավիդովը: Նա նշել է, որ ապրանքի ծագման երկիրը որոշելու՝ անցյալ տարվանից առկա խնդիրը արդեն լուծում է գտել․ «Մենք ստեղծել ենք միջգերատեսչական աշխատանքային խմբեր ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ: Նրանց խնդիրը ապրանքների տեղաշարժման թափանցիկ շղթաներ կառուցելն է»,- ասել է նա:
Դավիդովի խոսքով՝ աշխատանքային խմբերում աշխատում են Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարօրության վերահսկողության ոլորտի դաշնային ծառայության (Роспотребнадзор), Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) և մաքսային ծառայության աշխատողներ, որոնք այցելում են Ռուսաստան լոլիկի արտահանմամբ զբաղվող հայկական կամ ադրբեջանական ձեռնարկություններ։ Փորձագետները գնահատում են ձեռնարկությունների արտադրական կարողությունները և գյուղատնտեսական տարածքները, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հաշվարկել մատակարարման ծավալները: «Ըստ ուղեկցող փաստաթղթերի կարելի է տեսնել, թե կոնկրետ բեռը որ ձեռնարկությունից է գալիս։ Եվ մենք տեսնում ենք, որ այն իրականում արտադրվել է այնտեղ», - ճշտում է Ռուսլան Դավիդովը:
Ռուսաստանը 2016 թ. արգելեց թուրքական լոլիկի ներկրումը այն բանից հետո, երբ Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերը Սիրիայի հետ սահմանի վրա խփեցին ռուսական Սու -24 ռմբակոծիչը։ Դրանից հետո բազմիցս, նաև պետության ղեկավարների մակարդակով, քննարկվել է թուրքական լոլիկի ներմուծման վերսկսումը: Լոլիկի վերադարձը ռուսաստանյան շուկա պետք է տեղի ունենա արդեն այս ամսվա ընթացքում: Նման որոշում կայացվել է սեպտեմբերի 29-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:
Ռուսաստանում թուրքական լոլիկի ներկրման արգելքի պայմաններում, թուրքական լոլիկը հայկական և ադրբեջանական պիտակավորումով էր հայտնվում այդ շուկայում։
Civilnet











