Գլխավոր Լրահոս

Իսրայելը չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Հայոց ցեղասպանության պատճառով

Իսրայելը չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Հայոց ցեղասպանության պատճառով
Իսրայելի պաշտպանության նախարար, ադրբեջանամետությամբ աչքի ընկնող Ավիգդոր Լիբերմանը հարցազրույց է տվել RTVI հեռուստաալիքին, որում անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը։ Լիբերմանը Հայոց ցեղասպանությունը անվանել է «տեսական, վիճելի հարց», որը չարժե բարձրացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար։ Ավիգդոր Լիբերմանի համոզմամբ՝ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը «ոչ թե նվեր է, այլ նախևառաջ պատմական փաստերի ճանաչում», «Իսրայելի՝ սեփական մայրաքաղաքի վայրը որոշելու իրավունքի ճանաչում» և «նախընտրական խոստումների կատարում»։ Երուսաղեմի հարցում Թուրքիայի հակաիսրայելական դիրքորոշման և ի հեճուկս Թուրքիայի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերի մասին Լիբերմանն ասել է․ «Ես չեմ կարծում, որ արժե փորփրել այդ զուտ պատմական, վիճելի և տեսական հարցը, այն չունի կոնկրետ ազդեցություն Իսրայելի այսօրվա դիրքորոշման վրա»։ Լրագրողի հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է Ադրբեջանի հետ հարաբերություններով, Իսրայելի ՊՆ ղեկավարը պատասխանել է․ «Նախևառաջ՝ պատմական տեսանկյունից շատ են վեճերը, երկրորդ՝ Ադրբեջանի հետ ունեցած մեր հարաբերությունները, որոնք մեզ համար շատ կարևոր են և երրորդ՝ մենք պետք է նայենք կոնկրետ բաների։ Այսօր առկա է մեր գազային բանալին Էրդողանին հանձնելու փորձ, դա, ըստ իս, շատ ավելի կենսական հարց է՝ հեռուն գնացող հետևանքներով։ Նախքան այդ արկածախնդրությանը դիմելը արժեր նորից ամեն ինչ կշռել և քննարկել»։ Ակնարկ Թուրքիան շատ խիստ է արձագանքել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնի այդ որոշումն անվանել է «անվավեր», Իսրայելը կոչել «ահաբեկչական պետություն»։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել Էրդողանին «բարոյախրատական ճառեր չկարդալ», Թուրքիային մեղադրել ահաբեկիչներին աջակցելու, «անմեղ մարդկանց սպանելու» մեջ։
Անցյալ շաբաթ Ստամբուլում Թուրքիայի նախագահությամբ հրավիրվել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ գագաթաժողով, որի արդյունքում ընդունված հռչակագրում Արևելյան Երուսաղեմը ճանաչվել է Պաղեստինի մայրաքաղաք։ Գագաթաժողովին, ի դեպ, մասնակցել է նաև Իսրայելի հետ շատ սերտ հարաբերություններ ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի հետ լարվածության ֆոնին Իսրայելի «Եշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Կնեսետ կմտցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։ Լապիդը «դիվանագիտական սխալ» է անվանել 2016թ․ Թուրքիայի հետ հաշտեցման որոշումը, կոչ արել «թաղել» Թուրքիայի հետ գազատար կառուցելու համաձայնագիրը, որով նախատեսվում է արևելյան միջերկրածովյան շրջանից գազ մատակարարել Եվրամիություն և Բալկաններ։ Իրանի հետ հարաբերությունները խոչընդոտ չեն հայ-իսրայելական համագործակցությանը․ Էդվարդ Նալբանդյան Իսրայելն ու Ադրբեջանն ունեն շատ սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ։ Ադրբեջանը իսրայելական սպառազինությունների խոշորագույն գնորդներից է, Իսրայելի էներգակիրների մատակարարը։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) փետրվարյան զեկույցի համաձայն՝ Իսրայելը Ադրբեջանի զենքի երկրորդ խոշորագույն մատակարարն է՝ 22 տոկոս։ Առաջին տեղում Ռուսաստանն է (69 տոկոս), ապա՝ Բելառուսը (3,6 տոկոս)։ 2016թ․ դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք: Ինչո՞ւ մինչև հիմա չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին
Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում