Գլխավոր Լրահոս

Փայլանն ահազանգում է՝ արտերկրում բնակվող այլախոհների սպանություններ են ծրագրվում

Փայլանն ահազանգում է՝ արտերկրում բնակվող այլախոհների սպանություններ են ծրագրվում
Թուրքական գաղտնի խմբեր մահափորձեր են ծրագրում արտաքսման մեջ գտնվող թուրք այլախոհների, կրոնական փոքրամասնությունների առաջնորդների, կառավարության քննադատների դեմ՝ քաոս ու անկայունություն սերմանելու համար․ այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։ Al-Monitor կայքի սյունակագիր Ամբերին Զամանի հետ զրույցում Փայլանը պատմել է, որ արևմտյան պաշտոնյաներից հաստատում է ստացել առ այն, որ թուրքական պետության հետ կապեր ունեցող անհատներ ծրագրում են մի շարք հայտնի լրագրողների ու կառավարության քննադատների սպանություններ։ «Թիրախների ցանկ կա»,- ասել է Փայլանը։ Նա, այդուհանդերձ, ընդգծել է, որ որևէ ապացույց չկա՝ վերոհիշյալ անհատները գործում են Թուրքիայի կառավարության անմիջական հրահանգներով։ «Ավելի շուտ մեր օրերի պես մռայլ և անհանգիստ օրերում պետության ներսում առկա մութ ցանցերը իրենց ձեռքն են վերցնում հարցերը, ինչպես տեսանք Հրանտ Դինքի սպանության դեպքում»,- ասել է Փայլանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար քննադատում է արևմտյան կառավարություններին, որոնք ապաստան են տվել Թուրքիայում հետապնդումների ենթարկվող այլախոհներին, որոնց մի մասը մեղադրվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, մյուս մասը՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության [PKK, Թուրքիայում հռչակված է ահաբեկչական կառույց - ՍիվիլՆեթ] հետ կապեր ունենալու մեջ։ Ապաստան տրամադրելու հարցում առաջատար է Գերմանիան։ Փայլանը ասել է, որ կառավարության հռետորաբանությունը և քննադատներին անգամ անունով մատնանշելը ստեղծել է «անպատժելիության մթնոլորտ»։ «Ջանասեր վրիժառուների կողմից սա կարող է ընկալվել որպես այդ մարդկանց հետևից գնալու կանաչ լույս»,- նշել է Փայլանը։ Իր ունեցած տեղեկությունները պատգամավորը կիսել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց հետ, և նրանք շնորհակալություն են հայտնել նրան։ Թուրք փորձառու լրագրող, Գերմանիայի Քյոլն քաղաքում բնակվող Ջելալ Բաշլանջըչը կիսում է Փայլանի մտահոգությունը։ «Թուրքական պետության կողմից իր ընդդիմախոսների թիրախավորումը նոր բան չէ։ Սակայն մենք տեղեկացանք, որ երեք նոր մարդասպան է ուղարկվել Թուրքիայից Գերմանիա, և նրանք կարող են լինել մեր շարքերում»,- Ամբերին Զամանին պատմել է լրագրողը՝ չբացահայտելով իր աղբյուրները։ Վտանգի մասին նա նախազգուշացրել է իր գործընկերներին։ Թուրքական «Ջումհուրիեթ» ընդդիմադիր թերթի նախկին խմբագիր Ջան Դունդարը նույնպես հավանական թիրախ է։  2016թ․ Դունդարը Թուրքիայում դատապարտվել է 5 տարվա և 10 ամսվա ազատազրկման հրապարակումներից մեկում «պետական գաղտնիքներ բացահայտելու» մեղադրանքով։ Դատավճռի օրը դատարանի մոտ Դունդարի վրա կրակել էին, երկու ամիս անց նա փախել էր Գերմանիա։ Al-Monitor-ի հետ զրույցում Դունդարն ասել է, որ «շատ հնարավոր է՝ որևէ մեկը, ցանկանալով ապացուցել իր հավատարմությունն ու հայրենասիրությունը, ցանկանա սպանել Էրդողանի կողմից դավաճանի պիտակի արժանաացած որևէ լրագրողի, գիտնականի կամ մտավորականի»։ Դունդարի համոզմամբ՝ անհավանական է, սակայն, որ «առեղծվածային այս մարդասպաններից» շատերին պետությունը չէ ուղղորդում։
Փայլանի հրապարակած տեղեկություններին արձագանքել են նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամն ու պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը․ երկուսն էլ տարբեր ժամանակահատվածներում փախել են Թուրքիայից, Նշանյանը՝ այս տարվա հուլիսին թուրքական բանտից։ Այսօր նա բնակվում է Հունաստանում։ Ֆեյսբուքում Նշանյանն ու Աքչամը հրապարակել են Սամոս կղզում հանդիպման լուսանկարներ։ Մտավորականները հեգնանքով են արձագանքել մարդասպանների մասին լուրին՝ գրելով, որ այդ մասին տեղեկանալուն պես որոշել են լեռներ բարձրանալ։ Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում