Աֆրինում թուրքական օպերացիայում մոտ երեք տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել․ դիտորդներ

Թուրքիան Սիրիայի Աֆրինում սկսած ռազմական օպերացիայի չորս օրերի ընթացքում սպանել է առնվազն 260 քուրդ մարտիկի և Իսլամական պետություն խմբավորման զինյալի, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրք զինվորական աղբյուրների։
Թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով զինվորականների պաշտոնական հայտարարությունը, նշում է, որ մարտիկները «չեզոքացվել են»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան գործում է «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։
Ըստ թուրք զինվորականների՝ օպերացիայի «թիրախում են ահաբեկիչներն ու նրանց ապաստարանները, զենք-զինամթերքը։ Միջոցառումներ են ձեռնարկվել պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը»։ Չորս օրվա ընթացքում պաշտոնական տվյալներով թուրքական բանակը կորցրել է երեք զինծառայող։
Մինչդեռ քրդական Rudaw կայքը այլ տվյալներ է բերում՝ հաղորդելով, որ Աֆրինի 21 քրդաբնակ գյուղեր «լուրջ սպառնալիքի տակ են»։
Yazda կազմակերպությունը հայտարարել է, որ տեղի ունեցածի համար պատասխանատու է Թուրքիան և «Սիրիական ազատ բանակի» զինյալները։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական առաքելությանը վկայակոչելով՝ Rudaw-ը գրում է, որ Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» օպերացիայի սկզբից ի վեր սպանվել է 106 մարդ, որոնց թվում՝ 23 խաղաղ բնակիչ։
Լուսանկարում՝ Սիրիայի քուրդ մարտիկներ, Աֆրին, 2018թ․ հունվարի 23, AFP գործակալություն
Civilnet










