Գլխավոր Լրահոս

«Աճեմօղլուն է փրկելու Հայաստանը». թուրքական մամուլը՝ Աճեմօղլուին Հայաստան հրավիրելու մասին

«Աճեմօղլուն է փրկելու Հայաստանը». թուրքական մամուլը՝ Աճեմօղլուին Հայաստան հրավիրելու մասին
Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց Փաշինյանը, Աճեմօղլուն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Ermenihaber գործակալությունը հետևել է արձագանքներին և առանձնացրել մի քանի խորագրեր։ «Հայաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու համար Աճեմօղլուին Հայաստան հրավիրելու Փաշինյանի նախաձեռնության մասին լուրերը հաղորդվում են ուշագրավ վերնագրերով: Թուրքական առաջատար Hurriyet պարբերականի կայքում թեմայի վերաբերյալ հրապարակումը ներկայացվել է «Աճեմօղլուն է փրկելու Հայաստանը» վերնագրով: Ընդդիմադիր T24.com.tr լրատվական կայքը լուրը հաղորդել է «Աշխարհի առաջատար տնտեսագետներից Աճեմօղլուն կկարգավորի Հայաստանի տնտեսությունը» վերտառությամբ: Հետաքրքրական է նաև թուրքական Ekonomihaber.com տնտեսական ուղղվածությամբ կայքի հրապարակման վերնագիրը՝ «Հայաստանի վարչապետի օգնության կանչն Աճեմօղլուին»: Մեկ այլ տնտեսական պորտալ էլ (ekonomi7.com) Աճեմօղլուի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ լուրը հաղորդել է հետևյալ վերտառությամբ՝ «Աջեմօղլուն թևերը քշտել է Հայաստանի տնտեսության համար»: «Աճեմօղլուն գնում է փրկելու Հայաստանի տնտեսությունը» գրում է  Milliyet թերթի կայքը: Թուրքական ազգայնական Yeni çağ թերթի կայքն էլ թեմայի վերաբերյալ լուրը հրապարակել է «Քեմալ Դերվիշի մոդելը Հայաստանում» վերտառությամբ: Քեմալ Դերվիշը հայտնի թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ է: Նա երկար տարիներ աշխատել է Համաշխարհային բանկում: 2000թ․ տնտեսական ճգնաժամից հետո իշխանությունների կողմից հրավիրվել է Թուրքիա: Նրա մշակած տնտեսական քաղաքականության շնորհիվ Թուրքիան տնտեսական ճգնաժամը հաղթահարեց նվազագույն վնասով: 2001-2002թթ․ զբաղեցրել է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, 2005-2009թթ․ղեկավարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Թեմայի վերաբերյալ Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը մեջբերած թուրքական լրատվականները հիշեցրել են, որ Ստամբուլում ծնված և Գալաթասարայի վարժարանն ավարտած, ապա Լոնդոն տեղափոխված Աճեմօղլուն աշխարհի ամենահայտնի 10 տնտեսագետներից մեկն է»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում