Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում Արցախի ղեկավարությունը: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը։
Ինչպես ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, Հայաստանի ղեկավարության նման հայտարարությունները Բաքվում դիտարկում են «որպես քայլ, որն ուղղված է բանակցային գործընթացի խախտմանն» ու «ապակառուցողական ստատուս քվոյի պահպանմանը»։
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի իր ելույթում այսօր մասնավորապես ասաց․ «1998-ից հետո ՀՀ իշխանությունները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ՝ ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ:
Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է և հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից՝ բանակցելու մանդատ:
Նույնը չեմ կարող անել ես, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, փոխարենն ունի իր իշխանությունը, իր Ազգային ժողովն ու կառավարությունը, իր նախագահը, և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը»։
Civilnet











