Գլխավոր Լրահոս

«Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը՝ 100 տոկոս սխալ»

«Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը՝ 100 տոկոս սխալ»

Անկարայի Բիլքենթ համալսարանի Քաղաքագիտության ու Հանրային կառավարման բաժնի դասախոս, ազգությամբ հույն Իոաննիս Գրիգորիադիսը ՍիվիլՆեթի Գոռ Երանյանի հետ հարցազրույցում պատմում է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի, թուրք-ամերիկյան ու թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին:  Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայում տիրապետում է հետևյալ մոտեցումը. «Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը՝ 100 տոկոս սխալ»:

Ինչպե՞ս սկսվեց Թուրքիայի տնտեսական ճգնաժամը և  ինչպե՞ս հասավ այսօրվա վիճակին:

Թուրքիայի տնտեսական ճգնաժամի պատճառները գտնելու համար պետք է նայել անցյալին: Վերջին 15 տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը  շատ է զարգացել, բայց այդ զարգացումը չի ընթացել առողջ ճանապարհով: Տնտեսական վերելքի ժամանակաշրջանում ոչ բոլոր ոլորտներն են միաժամանակ զարգացել, այսինքն՝ Թուրքիայի տնտեսության մեջ այժմ կան  կառուցվածքային խնդիրներ: Եթե քաղաքական իրավիճակը փոխվում է կամ քաղաքական ճգնաժամ է առաջանում, այն անմիջապես անդրադառնում է տնտեսության վրա, քանի որ Թուրքիայի տնտեսությունը շատ զգայուն է: Մենք տեսնում ենք, օրինակ, վերջին շաբաթների ընթացքում թուրքական լիրայի արժեզրկումը, այն  ազդադարում է ոչ թե թուրքական տնտեսության հիվանդության մասին, այլ հիվանդության նախանշան է դեռ: Խնդիրներն ավելի խորքային են և կապված չեն միայն Թուրքիայի հետ: Զարգացող բոլոր երկրների տնտեսական դրությունը նման է թուրքականին: Եթե միջազգային հարթակում, օրինակ Եվրոպայում, Ամերիկայում տոկոսադրույքը բարձրանա, կնշանակի, որ Թուրքիայում, Մեքսիկայում,  Հարավային Աֆրիկայում փողն արժեզրկվելու է: Թուրքիան այնպիսի երկիր է, որ արտաքին պարտքի կարիք ունի: Դա նշանակում է, որ անցյալի համեմատությամբ Թուրքիայի տնտեսությունը ավելի խոցելի է: Ուստի այն, ինչին այժմ ականատես ենք, ցավոք, այդքան էլ անակնկալ չէ:

Այսինքն, ձեր կարծիքով թուրքական տնտեսության ներկա վիճակը պայմանավորված չէ՞ թուրք-ամերիկյան ներկա հարաբերություններով ու ամերիկյան պատժամիջոցներով:

Ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններով պայմանավորված չէ, խնդիրներն ավելի խորքային են ու հին: Քանի որ մի կողմից երկրում տետեսական ճգնաժամ է, մյուս կողմից ամերիկա-թուրքական հարաբերությունները վատացել են, հանրային ընկալման մեջ դրանք կապվում են իրար: Իհարկե, ամերիկա-թուրքական հարաբերությունների առկա ճգնաժամը բացասաբար է ազդում Թուրքիայի տնտեսության վրա, օրինակ, երբ նախագահ Թրամփը հակաթուրքական որևէ հայտարարություն է անում, Ստամբուլի բորսայում անկում է տեղի ունենում: Սակայն թուրքական տնեսության խնդիրներն ավելի խորքային են:

Ինչպիսի՞ն է այժմ Թուրքիայի տնտեսական վիճակը, տնտեսական ճգնաժամը կարո՞ղ է երկար տարիներ տևել:

Մասնագետների գնահատմամբ՝ Թուրքիայի տնտեսությունը  այլևս այնքան արագ չի զարգանալու, որքան նախկինում: Միաժամանակ տնտեսական այս ճգնաժամի հանգուցալուծումը պայմանավոված է նաև արտաքին քաղաքական խնդիրներով: Օրինակ, եթե սկսվի համաշխարհային տնտեսական պատերազմ, Միացյալ Նահանգները ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառի Եվրամիության կամ այլ երկրների նկատմամբ կամ, ասենք, բարձրացնի մաքսատուրքերը, այդ դեպքում Թուրքիայի տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա: Թուրքիայի տնտեսական դրությունը առաջիկա տարիներին կշարունակի մնալ Թուրքիայի օրակարգային խնդիրներից մեկը:

Ինչո՞ւ են թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել, ո՞րն է հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը:

Մի շարք պատճառներ կարող ենք մատնանշել: Ամենից կարևորը այն է, որ  վերջին տարներին թուրքական տնտեսության արձանագրած հաջողություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ի հայտ եկավ նոր նպատակ, այն է՝  Թուրքիան ցանկանում է վարել անկախ արտաքին քաղաքականություն, այնպիսի արտաքին քաղաքականություն, որ պարտադիր չէ համապատասխանի ամերիկյան արտաքին քաղաքական շահերին:

Միաժամանակ պետք է ամերիկա-թուրքական հարաբերությունները դիտարկել անձնական՝ Թրամփ-Էրդողան հարթությունում: Երկու երկրների հարաբերություններում այժմ կան մի շարք այլ խնդիրներ՝  ամերիկացի քահանա Բրանսոնի հարցը, որն այժմ Թուրքիայում տնային կալանքի տակ է, Գյուլենական համայնքի խնդիրը, միաժամանակ ռազմական ոլորտում՝ Ս-400 հրթիռային համակարգերի խնդիրը:

Երկու երկրների հարաբերություններում այժմ նկատվում են փոխադարձ անվստահություն, կարծես 60 տարվա դաշնակիցներ չլինեն: Սա շատ կարևոր հանգամանք է:

Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը վառ վկայությունն էր այն բանի, որ Թուրքիան պատկանում է Արևմուտքին: Չնայած ցանկությանը՝ Թուրքիան  չդարձավ Եվրամիության անդամ, բայց մնում էր ՆԱՏՕ-ի ամանուժեղ ու ամենակարևոր երկրներից մեկը: Թուրքիան դրանով ասում էր՝ մենք Արևմուտքում ենք, արևմտյան երկրների հետ ենք դաշնակցում: Սակայն  հարաբերությունների աստիճանական վատթարացմանը զուգահեռ՝ առաջանում են մի շարք հարցեր: Ցանկանու՞մ է Թուրքիան Ռուսաստանի հետ զարգացնել անվտանգային հարաբերությունները: Այդ դեպքում ի հայտ է գալիս առանցքային  համարվող տնտեսական գործոնը: Ինչպես քիչ առաջ նշեցի, Թուրքիան կախված է արտաքին պարտքից: Իսկ արտաքին պարտքը գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ Արևմուտքից՝ ամերիկյան և եվրոպական շուկաներից:

Ռուսաստանը կարո՞ղ է Թուրքիայի համար այլընտրանք լինել:

Չեմ կարծում, որ Ռուսաստանը Թուրքիայի համար կարող է այլընտրանք լինել: Թուրք-ամերիկյան, Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները հիմնված են ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական գործոնի վրա: Ինչպես նշեցի,  Թուրքիայի տնտեսությունը մեծ զարգացում ու հաջողություն է ապրել վերջին 15 տարիներին, սակայն հարց տանք՝ ո՞վ է մասնակից եղել ու նպաստել այդ զարգացմանը: Նպաստել են արևմտյան՝ գերմանական, ֆրանսիական, բրիտանական, ամերիկյան ներդրողները, կառուցել են նոր գործարաններ, Ստամբուլի բորսայում են ներդրումներ արել: Թուրքիայի տնտեսությունը զգալի չափով հզորացել է վերոնշյալ ներդրումների շնորհիվ: Թուրք-ռուսական հարաբերությունները հիմնականում պայմանավորված է էներգետիկ համագործակցությամբ. Թուրքիան ռուսական գազի կարիքն ունի: Ռուսաստանի տնտեսական հզորությունը չի նպաստում, չի օգնում Թուրքիայի տնտեսությանը:

Դեռ 2002-ին, երբ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները զարգացման միտումներ ունեին,  կառավարությունում աշխատող մի շարք խորհրդականներ ասում էին, թե կարելի է չընթանալ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմամ ուղիով, այլ գնալ դեպի Ռուսաստան կամ Չինաստան: Դրանք երկրներ են, որող ուժեղ են, սակայն լիբերալ չեն: Ինչպես այն ժամանակ առաջարկվող մոդելը կյանքի չկոչվեց, հիմա էլ, իմ կարծիքով, չի կարող իրականություն դառնալ:

Մի փոքր խոսենք Թուրքիայում տիրող հակաամերիկյան տրամադրությունների՝ թուրքական հակաամերիկանիզիմի մասին:

Մի քանի տարի առաջ հոդված էի գրել այս թեմայով և ինձ համար չափազանց ուշագրավ բացահայտում է, որ  մինչև վերջին ժամանակները Թուրքիայում հակաամերիկյան տրամադրություններ գոյություն չեն ունեցել: Դա այն դեպքում, որ Մերձավոր Արևելքում կամ Հարավային Եվրոպայում հակաամերիկյան տրամադրությունները միշտ շատ ուժեղ են եղել: Խոսքս, այսպես կոչված, միայն  լիբերալ անտիամերիկանիզմի մասին չէ: Լիբերալ անտիամերկանիզմը այն է, որ մեղադրում ես Ամերիկային իր հռչակած արժեքները չպահպանելու, հայտարարած սկզբունքներին հավատարիմ չլինելու մեջ: Խոսքը այն հակաամերկանիզմի մասին է, որ Ամերիկային ընկալվում ես որպես սպառանլիք պետության ինքնիշխանությանը, մեղադրում ռազմական հեղաշրջումներ կազմակերպելու, այս կամ այն ժողովրդի իրավունքները չճանաչելու մեջ, ճաաչում որպես  գաղութային քաղաքականություն վարող երկիր: Այս տրամադրությունները, հակամերիկանիզմի այս տեսակները Թուրքիայում գոյություն չունեին: Ինչո՞ւ: Որովհետև Թուրքիայում 1960-ականներից տեղի ունեցած ռազմական հեղաշրջումները թույլ չեն տվել, որ երկրում զարգանա քաղաքացիական հասարակությունը:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Թուրքիայում ճնշվել են հակաամերիկյան տրամադրությունները, և այն չի արտացոլվել ինչպես քաղաքական կուսակցությունների օրկարագում, այնպես էլ հանրային կարծիքում:  Սակայն վերջին 15-18 տարիների ընթացքում՝ Թուրքիայի ժողովրդավարացմանը զուգահեռ, հակամերիկյան տրամադրությունները սկսեցին ուժեղանալ: Իրաքյան երկորդ պատերազմը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո իսլամի հանդեպ ամերիկյան մոտեցումները  թուրքական հասարակության մեջ բացասական արձագանք գտան և ուժեղացրին հակաամերիկյան տրամադրությունները:

Սակայն վերջին տարիներին  հակաամերիկանիզմը սկսեց կապվել Թուրքիայի ներքին քաղաքականության հետ: Թուրքիայում և ոչ միայն Թուրքիայում տարածված են դավադրության տեսությունները:  Թուրքիայում մեծ տարածում ունի հետևյալ մտայնությունը: Ինչո՞ւ է երկրում տնտեսական ժգնաժամ, որովհետև մեծ տերությունները,- ասում են արտաքին սադրիչ ուժերը,- ուզում են կասեցնել Թուրքիայի հզորացումը: Բնականաբար, նման մտայնության դեպքում հակամերիկյան տրամադրություններն ավելի են խորանում:

Անդրադառնանք տարածաշրջանային խնդիրներին: Խոսենք Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին: Հայաստանյան ընկալմամբ, կարծես, այդ երկու երկրները նույնական լինեն, երկուսն էլ նույն քաղաքականությունն են վարում և նրանց մոտեցումներում տարբերություն չկա: Ինչպիսի՞ն են թուրք-ադրբեջանական հարաբերություններն իրականում:

Թուրքիայում՝ ծայրահեղ աջ հոսանքում կա  շատ տարածված մի արտահայտություն. «Մեկ ազգ, երկու պետություն»: Ըստ իս՝ սա ավելի շատ խոսք է, քան իրականություն: Ինչո՞ւ: Որովհետև շատ հարցերում տարբեր են այս երկու երկրների շահերը, ըստ այդմ էլ  տարբեր են մոտեցումները: Օրինակ վերցնենք Արևմուտքի հետ հարաբերությունները: Ադրբեջանը երբեք կոշտ դիրքորոշում չի որդեգրել Արևուտքի հանդեպ, նա կախվածություն ունի Արևմուտքից: Կամ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները լրիվ տարբեր են թուրք-ռուսական հարաբերություններից: Թուրքիան փորձում է ավելի մեծ  խաղ խաղալ: Թուրքիան ավելի մեծ պետություն է, ավելի երկարաժամկետ ու ավելի մեծ աշխարհագրություն ընդգրկող արտաքին քաղաքական ծրագրեր է փորձում իրականացնել:

Դրանով հանդերձ, վստահաբար պետք է նշել, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում առկա Ղարաբաղի հարցը  թուրքական հասարակության հատկապես աջ հատվածի համար ունի կարևոր նշանակություն: Եվ ինչ է հիմա տեղի ունենում Թուրքիայում: Թուրքիայի վերջին ընտրություններում Արդարություն և զարգացում ու Ազգայնական շարժում կուսակցությունների համագործակցության հետևանքով իշխանությանը ձայն տվող հատվածը  մերձենում է աջ հատվածի հետ: Այդ պատճառով Թուրքիայի գործող կառավարության համար ավելի է դժվարանում այսպես ասած ազգային գծից դուրս ինչ-որ որոշում կայացնելը:

Ցավոք, հանրային կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրությունը պատրաստ չէ լուծման: Թուրքիայում գոյություն ունի հետևյալ ընկալումը,- ընկալում որ զարգացել է վերջին տարիներին,- այսպես՝ Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը հարյուր տոկոս՝ սխալ:  Ցավոք, նման պայմաններում հարցի լուծման մասին խոսել հնարավոր չէ: Սակայն սա չի նշանակում, թե Թուրքիան ու Ադրբեջանը նույն արտաքին քաղաքականությունն են վարում, երկու երկրներն էլ ունենք միմյանցից տարբեր քաղաքական օրակարգեր ու առաջնահերթություններ:

Քիչ առաջ ասում էիք, թե Թուրքիան ցանկանում է անկախ արտաքին քաղաքականություն վարել: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կարո՞ղ է ամբողջովին անկախ արտաքին քաղաքականություն որդեգրել:

Ըստ իս՝ ոչ, այդպիսի բան հնարավոր չէ: Թուրքիայում նման տրամադրությունների ի հայտ գալու հիմնական պատճառը երկրի տնտեսական զարգացումն էր,  բնակչության թիվն ու ռազմական հզորությունը: Ադրբեջանում չկան վերոհիշյալ հանգամանքերը, ուստի չի կարող: Նշեցինք, որ նույնիսկ Թուրքիան չի կարղանում մեծ դերակատար լինել, քանի որ գլոբալացման տիրույթում զարգացող երկրները իսկապես կախված են միմյանցից ու միմյանց կարիքն ունեն: Թուրքիայի ավելի ազգայնական շրջանակներում հետևյալ մոտեցումը կա, թե Թուրքիան Արևմուտքի կարիքը չունի, այդ Արևմուտքն է, որ զգում է Թուրքիայի կարիքը: Ըստ իս՝ սա իրականությանը չի համապատասխանում:

Հայաստանի հետ հարաբերությունները այժմ Թուրքիայի համար որևէ կարևորություն ունե՞ն, Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում կա՞ արդյոք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը օրակարգում է, իսկ Թուրքիային վերաբերող լուրերը՝ մշտապես ուշադրության կենտրոնում: Նույնը չենք կարող ասել Թուրքիայի մասին, որտեղ Հայաստանին ու Հունաստանին առնչվող լուրերը շատ ավելի քիչ ուշադրություն են գրավում:  Թուրքիան այժմ շատ զգայուն ժամանակներ է ապրում և ցավոք, անտրամաբանական է սպասել, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ինչ-որ քայլ է անելու: Սակայն երկու երկրների քաղաքացիական հասրակությունները շատ բան կարող են անել: Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են ուժեղացնել միմյանց միջև կապերը, միջոցառումներ կազմակերպել, նախապաշարումները վերացնել, սրանք շատ-շատ կարևոր են: Եթե ասենք երկու տարի հետո հարաբերությունների բարելավման քաղաքական կամք է դրսևորվում, մթնոլորտը արդեն կարող է ավելի նպաստավոր լինել: Որքան հասկանում եմ, Հայստանի ու Թուրքիայի  քաղաքացիական հասարակությունների կապը շատ թույլ է՝ ի տարբերթյուն Հունաստանի ու Թուրքիայի, ուր հասարակությունները միմյանց ավելի մոտ են: Հունաստանից Թուրքիա, Թուրքիայից Հունաստան սովորելու գնացող ուսանողների թիվը բավական մեծ է: Ըստ իս՝ այս առումով շատ անելիքներ ունեք:

Մի տեսական հարց՝ եթե Թուրքիան ցանկանա բացել Հայաստանի հետ սահմանը, Ադրբեջանը կարո՞ղ է արգելք լինել:

Առանցքային է ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումը, այլ թուրքական հանրային կարծիքը: Թուրքիայի հասարակությունը սահմանի բացումը կընկալի  պարտություն կամ զիջում: Իմ կարծիքով՝ այս հարցում վետոյի իրավունքը ոչ թե Ադրբեջանինն է, այլ թուրքական հանրությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում