Գլխավոր Լրահոս

Թավշյա հեղափոխությունը արմատականացրել է հայ հասարակությունը ԼՂ հակամարտության հարցում․ Turan-ի խմբագիր

Թավշյա հեղափոխությունը արմատականացրել է հայ հասարակությունը ԼՂ հակամարտության հարցում․ Turan-ի խմբագիր
Ադրբեջանական Turan գործակալության խմբագիր Շահին Հաջիևը, որը վերջերս այցելել է Հայաստան՝ հարցազրույցների շարք պատրաստելու նպատակով, գրում է, որ «դժվար է գերագնահատել հնարավորությունը ծանոթանալու մի երկրի հասարակական կարծիքի հետ, որի հետ գտնվում ես պատերազմական վիճակում»։ Նրա տպավորությամբ՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի թիմի՝ իշխանության գալը ավելի շուտ արմատականացրել են հայ հասարակությունը ղարաբաղյան հակամարտության հարցում։ Հաջիևը պատմում է, որ Բաքվում և Երևանում իշխանություններից համաձայնություն ստանալու վրա ծախսվել են ամիսներ։ Նա շնորհակալություն է հայտնում երկու երկրների պաշտոնական կառույցներին ընձեռված հնարավորության համար՝ առանձնահատուկ երախտիք հայտնելով ՀՀ ԱԳՆ-ին՝ իրեն հավատարմագրելու համար։ «Այդ քայլը բարձրացրել է Հայաստանում քննադատության ու մեղադրանքների մեծ ալիք ու թերևս երկար չի դադարի։ Քիչ չէ քննադատությունը նաև Ադրբեջանում, որտեղ այցի բուն փաստը որոշների կողմից ընկալվել է որպես անձնատրության կամ դավաճանության գործողություն։ Սակայն վերադառնանք լրագրությանը։ Անձամբ ինձ և Ադրբեջանում շատերին նախևառաջ հետաքրքրում էր մի հարց՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո, ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները, արդյոք կա՞ հույս, որ Փաշինյանի թիմի հետ հնարավոր կլինի պայմանավորվել»,- նշում է հեղինակը։ Հաջիևը հայաստանյան իր շփումների արդյունքում եկել է մի քանի եզրահանգումների, որոնք հայերի անունից ամփոփել է հետևյալ կերպ․ 1․ Մենք (հայերս) ձեզ չենք վստահում 2․ Դուք պետք է անեք առաջին քայլը և ապացուցեք, որ այլևս չեք պատերազմելու 3․ Ղարաբաղն ու հարակից շրջանները չենք վերադարձնելու, և այդ հարցն առհասարակ պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ Ղարաբաղին 4․ Պատերազմից չենք վախենում, և դուք ուժով ոչնչի չեք հասնի Հաջիևի տպավորությամբ՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի թիմի՝ իշխանության գալը ավելի շուտ արմատականացրել են հայ հասարակությունը ղարաբաղյան հակամարտության հարցում։ «Այդ տրամադրությունները կարելի է այսպես նկարագրել․ Սերժ Սարգսյանի ծախու վարչակարգը պատրաստ էր հանձնել Ղարաբաղի շուրջ շրջանները՝ իշխանությունը պահելու համար։ Սակայն կոռումպացված կառավարության տապալումից և ժողովրդավարության հաստատումից հետո ժողովուրդն այլևս թույլ չի տա նման բան։ Խանդավառությունն այն փաստի առթիվ, որ հաջողվել է տապալել ատելի վարչակարգը, և բոլոր մյուս հարցերը հիմա կարելի է լուծել, զգացվում է ամենուր։ Փաշինյանը մեծ աջակցություն է վայելում՝ չնայած նրան, որ ոչ ոք այդպես էլ չձևակերպեց նրա ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտավարությունն ու ռազմավարությունը։ Բոլոր գնահատականները հանգում էին նրան, որ կառավարությունը պատրաստում է տնտեսական ճեղքման, ազգային շահերի պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտում ժառանգականության պահպանման ծրագիր։ Հակամարտության հարցում նոր կառավարության մոտեցումն առայժմ արտացոլված է ղարաբաղցիների հետ ուղիղ խոսելու առաջարկում»,- գրում է Turan-ի խմբագիրը։ Նա ընդգծում է, որ իր զրուցակիցները՝ քաղաքական գործիչներ և փորձագետներ, միակարծիք են հարցում, որ առաջին քայլերը պետք է Բաքուն անի։ «Ի՞նչ է խանգարում Երևանին անել իր ժեստը կամ քայլը» հարցադրումը, ըստ Հաջիևի, հարուցել է իր զրուցակիցների զարմանքը։ Պատասխանն էլ հետևյալն էր․ «Ինչի՞ մասին խոսել 2016-ի ապրիլից հետո, երբ Ադրբեջանը պետական մակարդակով արգելում է քաղաքացիական հասարակությունների շփումը, սրում է հայատյացությունը»։ Ամփոփելով՝ ադրբեջանական կայքի խմբագիրը գրում է, որ դժվար է պնդել, թե ներկայիս իրադրությունը բարենպաստ է կարգավորման ուղիներ փնտրելու առումով։ Կանխելով հնարավոր այն հարցադրումները, թե ինչի համար էր պետք գնալ Հայաստան, երբ առանց այն էլ ամեն ինչ պարզ է, Turan-ի խմբագիրը նկատում է, որ «շփման գործընթացը պետք է մի օր սկսել, և դրանում հսկայական է քաղաքացիական հասարակության դերը»։ «Շփումների և հաղորդակցության կարիք կա անգամ պատերազմի ժամանակ։ Երկու երկրների առաջին դեմքերի վերջին հանդիպումները դրա վկայությունն են»,- եզրափակում է Շահին Հաջիևը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում