Ընտրե՞լ պատրիարք, թե՞ բոյկոտել ընտրությունները. զրույց Ջան Էրզրումլուօղլուի հետ

Դեկտեմբերի 11-ին նախատեսված են Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները: Պոլսեցիները մի մասը բոյկոտում է ընտրություններն ու դիմում դատարան: Այս հարցի մասին ՍիվիլՆեթը զրուցել է Պոլսի «Նոր Զարթոնք» կազմակերպության անդամ Ջան Էրզրումլուօղլուի հետ:
- 2019 թվականի մարտի 8-ին նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվամբ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցն արագացավ, և կարծես այլևս չկար խոչընդոտ պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում: Հետո ստացվեց Թուրքիայի կառավարության կանոնագիրը, որ համայնքը բաժանեց երկու մասի: Ի՞նչ է նախատեսում այդ կանոնագիրը, արդյո՞ք այն հակասում է 1863-ի Ազգային Սահմանադրությանն ու հայ եկեղեցու ավանդույթներին, և վերջապես ի՞նչ է ուզում պետությունը:
- Խնդրոյ առարկայ կանոնադրութեամբ խլուեցաւ, «գոնէ իր հօրմէն սկսեալ» Թրքահպատակ արտասահմանի եպիսկոպոսներու ընտրութեան մասնակցելու իրաւունքը: Չուլճեանը եւ Աջապահեանը կամք դրսեւորած էին մասնակցելու մասին: Ցարդ մեզի հասնող կանոնադրութիւնները արտասահմանեան եպիսկոպոսներու մասին սահմանափակումներ չէր բովանդակեր: Յայտնի է, որ այս արգելքը դրուեցաւ որպէսզի լուրջ թիւով համակիր ունեցող Չուլճեանը չկարենայ մասնակցիլ: Սա մեծ բողոքի ալիք բարձրացուց: Արդեն Տեղապահ Մաշալեանն ալ բազմիցս ընդգծեց, որ այս կանոնադրութիւնը անարդար է բայց վերին մարմինները այդպէս յարմար կը տեսնեն: Ազգային Սահմանադրութեան մէջ նման յօդուած մը կայ, բայց իւրայատուկ պատմական պայմաններու մէջ տեղաւորուած է եւ նշեալ յօդուածի մասին վիճաբանութիւնները կը շարունակուին: Վերջին կանոնադրութիւններու մէջ նման յօդուած մը չկար:
- Պոլսում գործող «Նոր զարթոնք» հայկական կազմակերպությունը պոսլահայերին կոչ է արել բոյկոտել պատրիարքական ընտրությունները։ Ինչու՞:
- Որովհետեւ այս ընտրութիւնը արդար ընտրութիւն չէ, առնուազն երկու կրօնականներու իրաւունքը խլուած է, նաեւ խախտուած է խղճի ազատութիւնը: Սահմանադրական Ատեանը, վերջերս, Աթեշեանի պարագային այսինքն փոխանորդի ապօրինութեան հետ առնչուող դատի ի պատասխան յայտարարած է, որ պետութիւնը միջամտելու իրաւունք չ'ունի փոքրամասնութիւններու ներքին կրօնական հարցերուն: Հետեւաբար Տեղապահը պէտք է առարկէր, բայց ինքը նախընտրեց լուռ մնալ ընդունելով հանդերձ նաեւ անարդարութիւնը: Այս պայմաններու ներքեւ, չենք ուզեր այսպիսի ընտրութիւն մը վաւերական դարձնել, զայն ընդունիլ: Բարոյականութիւնը այս կը պահանջէ:
- Իսկ պոլսեցիները միանու՞մ են ձեր հայտարարած բոյկոտին։ Կուզեի հասկանալ տիրող տրամադրությունները:
- Անշուշտ կան բազմաթիւ մարդիկ, որոնք համակարծիք են մեզի: Արդեն թեկնածու եպիսկոպոսներու յայտարարութիւններն ալ ցոյց կու տան, որ պոյքոթը անհանգստութիւն պատճառած է: Իրենք կոչ կ'ընեն չպոյքոթելու:
- Ստեղծվել է հասարակական նախաձեռնություն, որ դիմել է դատարան նոր կանոնագիրը չեղյալ համարելու համար: Նախաձեռնողը դարձյա՞լ «Նոր զարթոնքն» է: Մտավախություն չունե՞ք, որ, ինչպես հատուկ է Թուրքիայի դատական համակարգին, դատը կարող է տարիներ տևել:
- Հասարակական Նախաձեռնութիւնը կազմուած է ժողովուրդի տարբեր խաւերէն եւ անկախ է: Անշուշտ կան Նոր Զարթօնքէն ընկերներ ալ: Նախաձեռնութիւնը, նախ կ'ուզէ ընտրութեան ընթացքը կասեցնել եւ յետաձգել տալ: Եթէ այս չ'իրականանայ, պատրիարքը պիտի ընտրուի բայց դատն ալ պիտի շարունակուի:
- Եթե այնուամենայնիվ պայքարը հաջողությամբ չպսակվի, ե՞րբ է նախատեսված պատրիարքի ընտրությունները ու ի՞նչ ընտրակարգով են սովորաբար դրանք տեղի ունենում:
- 11 Դեկտեմբերին տեղի պիտի ունենայ բայց նախքան ընտրութիւնը պէտք է պատգամաւորները ընտրուին: 8 ին քաղաքական(ոչ կրօնական), 9 ին կրօնական պատգամաւորները պիտի ընտրուին, յետոյ միանալով պատրիարքը պիտի ընտրեն:
- Ըստ ձեզ՝ պոլսահայ համայնքը ավելի շատ հոգևո՞ր, թե՞ աշխարհիկ համայնք է:
- Աւելի աշխարհիկ համայնք է բայց պատրիարքարանը որպէս պոլսահայութեան ներկայացուցիչ յատուկ տեղ մը կը գրաւէ ժողովուրդի համար: Այսինքն նոյնիսկ անհաւատ ալ ըլլաք, որպէս հայ պատրիարքարանի հետ կապեր կրնաք ունենալ:
Հարցազրույցը՝ Գոռ Երանյանի
Տեղադրություն
Civilnet










