Գլխավոր Լրահոս

Վրիժառության կոչեր և զսպվածության հորդորներ. աշխարհն արձագանքում է Սոլեյմանիի սպանությանը

Վրիժառության կոչեր և զսպվածության հորդորներ. աշխարհն արձագանքում է Սոլեյմանիի սպանությանը
2020թ. հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն արձագանքել են աշխարհի առաջնորդներն ու միջազգային կառույցները՝ զսպվածության ու լարվածության թուլացման կոչեր հնչեցնելով: Իրանն ու մերձավորարևելյան որոշ շարժումներ վրիժառության կոչերով են հանդես եկել: Ստորև՝ հայտարարություններից մի քանիսը: ԻՐԱՆ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է «դաժան վրեժ»: Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ Իսլամական պետություն, Ալ-Նուսրա, Ալ-Կաիդա խմբավորումների դեմ «ամենաարդյունավետ ուժի»՝ Սոլեյմանիի սպանությունը «չափազանց վտանգավոր և անմիտ էսկալացիա է»: ԻՐԱՔ Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «ագրեսիա» Իրաքի դեմ, որը կարող է «հրահրել կործանարար պատերազմ»: «Իրաքի հրամանատարի սպանությունը [Սոլեյմանիի հետ սպանվել է նաև Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը - խմբ.] ագրեսիա է Իրաքի պետության, կառավարության ու ժողովրդի դեմ»,- հայտարարել է Մահդին՝ հավելելով, որ Իրաքի առաջատար դեմքերի ֆիզիկական չեզոքացումը կարող է բերել կործանարար պատերազմի Իրաքում, տարածաշրջանում ու աշխարհում: Իրաքի վարչապետը շեշտել է՝ հարձակումը Իրաքի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայումը թույլատրող պայմանների «աղաղակող ոտնահարում է»: ՍԻՐԻԱ Սիրիայի կառավարությունը մեղադրել է Վաշինգտոնին Մերձավոր Արևելքում հակամարտություն բորբոքելու փորձերում: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ի «ճղճիմ ագրեսիան կարող է միայն ամրապնդել վճռականությունը՝ շարունակելու նահատակված առաջնորդների դիմադրության ուղին»: Նա իրանցի և իրաքցի բարձրաստիճան զինվորականների սպանությունը բնութագրել է որպես «իրավիճակի լուրջ էսկալացիա տարածաշրջանում»: ԹՈՒՐՔԻԱ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սոլեյմանիի սպանությունը կարող է խորացնել անկայունությունը տարածաշրջանում: Անկարան «խորապես մտահոգված է ԱՄՆ-ի ու Իրանի միջև խորացող լարվածությամբ», նրա համոզմամբ, Իրաքը «պատերազմի հարթակի վերածելը կարող է վտանգել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»: «Թուրքիան մշտապես դեմ է եղել տարածաշրջանում օտարերկրյա ներխուժումներին, սպանություններին և կրոնական հակամարտություններին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: ՌՈՒՍԱՍՏԱՆ Ռուսաստանը հայտարարել է, որ Սոլեյմանիի սպանությունը կխորացնի լարվածությունը Մերձավոր Արևելքում: Մոսկվան Սոլեյմանիի սպանությունն անվանել է «արկածախնդրություն»: ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է, որ գեներալը «հավատարմորեն ծառայում էր Իրանի ազգային շահերի պաշտպանության գործին»: Ռուսաստանը ցավակցություն է հղել իրանցի ժողովրդին: ՄԱԿ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության աճով, ըստ նրա խոսնակի: «Սա մի շրջան է, երբ առաջնորդները պետք է ցուցաբերեն առավելագույն զսպվածություն: Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ Ծոցում»,- ասել է գլխավոր քարտուղարի խոսնակը: ՉԻՆԱՍՏԱՆ Չինաստանը զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին, «հատկապես Միացյալ Նահանգներին»: «Մենք համապատասխան կողմերին, հատկապես ԱՄՆ-ին, հանդարտության և զսպվածության կոչ ենք անում՝ խուսափելու լարվածության հետագա աճից»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը: ԻՍՐԱՅԵԼ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի իրեն պաշտպանելու իրավունք: «Ճիշտ այնպես, ինչպես Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, Միացյալ Նագանգները նույնպես ունի այդ իրավունքը»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Ղասեմ Սոլեյմանին «պատասխանատու է ԱՄՆ քաղաքացիների և անմեղ այլ մարդկանց մահվան համար»: Իսրայելի վարչապետի պնդմամբ՝ գեներալը ծրագրում էր նոր հարձակումներ: ՀԵԶԲՈԼԼԱՀ Լիբանանյան Հեզբոլլահ շիա շարժման առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլահը Սոլեյմանիի սպանությունից հետո վրիժառության կոչ է արել: Նասրալլահի խոսքով՝ «հանցավոր մարդասպաններին պատժի ենթարկելը կլինի աշխարհում դիմադրության բոլոր մարտիկների պատասխանատվությունն ու գործը»: ՀԱՄԱՍ Պաղեստինյան Համաս իսլամիստական շարժման հայտարարության մեջ նշվում է, որ Սոլեյմանին կարևոր դերակատարություն է ունեցել պաղեստինյան դիմադրությանն աջակցության գործում: «Մենք դատապարտում ենք ամերիկյան այս շարունակական ոճիրները, որոնք լարվածություն են բերում տարածաշրջանում՝ ի շահ իսրայելական թշնամու»,- հայտարարել է Համասը: ՆԱՏՕ ՆԱՏՕ հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է, որ վերահսկում և ուշադիր հետևում է Իրաքում իրավիճակին՝ ուշադրության կենտրոնում պահելով այնտեղ իր առաքելության անվտանգությունը: «Իրաքի կառավարության խնդրանքով՝ ՆԱՏՕ-ի ուսուցողական առաքելությունն այդ երկրում օգնում է ուժեղացնել իրաքյան ուժերն ու կանխել Իսլամական պետության վերադարձը»,- հայտարարել է դաշինքի խոսնակը՝ շեշտադրելով ՆԱՏՕ-ի անձնակազմի անվտանգությունը Իրաքում: ԳԵՐՄԱՆԻԱ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն: «Մենք հասել ենք լարվածության վտանգավոր կետի: Այժմ կարևոր է խոհեմության ու զսպվածության միջոցով դեէսկալացիայի գնալ»,- ասել է խոսնակը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը ասել է՝ օգտագործում են իրենց դիվանագիտական խողովակներն Իրանում ու այլ երկրներում՝ գտնելու իրավիճակը հանդարտեցնելու ուղիներ: ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության պետական քարտուղար Դոմինիկ Ռաաբը նույնպես դեէսկալացիայի կոչ է արել: «Մենք մշտապես ընդունել ենք Ղասեմ Սոլեյմանիի գլխավորած՝ «Ղոդս» ստորաբաժանման կողմից եկող սպառնալիքը: Նրա մահից հետո բոլոր կողմերին լարվածության նվազեցման կոչ ենք անում: Հերթական հակամարտությունը մեզնից որևէ մեկի շահերից չի բխում»,- ասել է Ռաաբը: ՖՐԱՆՍԻԱ Ֆրանսիայի առաջնահերթությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացումն է, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական գործերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը: «Այն, ինչ տեղի է ունենում, այն է, ինչից վախենում էինք՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածությունն աճ: Առաջնահերթությունը տարածաշրջանը կայունացնելն է, - ասել է պետքարտուղարը: - Մենք արթնացանք ավելի վտանգավոր աշխարհում»: ՎՐԱՍՏԱՆ Վրաստանը դատապարտել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները, որոնք նախորդել էին Սոլեյմանիի սպանությանը: «Մենք դատապարտում ենք վերջին բռնությունը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ սադրիչ հարձակումը։ ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին։ Այժմ դիավանագիտության և լարվածությունը թուլացնելու ժամանակն է»,- Թվիթերում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։ ՀԱՅԱՍՏԱՆ «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում