Գլխավոր Լրահոս

Ռոհանին՝ ամերիկացիներին․ «Մայրցամաքը շրջապատող օվկիանոսները չեն պաշտպանի, համաճարակը սպառնում է բոլորիս»

Ռոհանին՝ ամերիկացիներին․ «Մայրցամաքը շրջապատող օվկիանոսները չեն պաշտպանի, համաճարակը սպառնում է բոլորիս»

Մարտի 20-ին Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ալիռեզա Ռայեսին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 1 433-ի, հաստատված դեպքերի թիվն է 19 644։

Հիվանդությունից բուժվածների թիվը 6 745 է։

Վարակվածների թիվը նվազել է Իրանի 13 նահանգներում։ 

Իրանի պաշտոնյաները բնակչությանը կոչ են անում ձեռնպահ մնալ Նովրուզի օրերին շրջագայություններից։ 

Մինչդեռ միջազգային ասպարեզում Իրանը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել երկրի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու համար, ինչը հնարավորություն կտա արդյունավետ պայքարել համաճարակի դեմ։ Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի հետ և քննարկել իր երկրի դեմ սահմանափակումների հարցը։

Նովրուզի առիթով Ռոհանին դիմել է ամերիկացիներին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նովրուզի առիթով ուղերձ է հղել ԱՄՆ ժողովրդին՝ նախազգուշացնելով, որ թշնամական ցանկացած գործողություն Իրանի առողջապահական համակարգի դեմ և երկրի ֆինանսական միջոցների նկատմամբ ցանկացած սահմանափակում խաթարում է պայքարը կորոնավիրուսի դեմ ամբողջ աշխարհում։ Իրանի ղեկավարը դիմել է ամերիկացի ժողովրդին՝ կոչ անելով ստիպել սեփական վարչակազմին հասկանալ, որ պատժամիջոցների ճանապարհը երբեք հաջողության չի բերել։

«Իրանի ժողովրդի անունից ես գրում եմ Միացյալ Նահանգների ժողովրդին՝ իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ։ Կորոնավիրուսի համաճարակը վտանգի է ենթարկել մարդկության առողջությունը՝ առանց ազգային, սեռական կամ կրոնական պատկանելությունը զանազանելու։ 

Այսօր իրանական ժողովուրդը տուժել է և կորոնավիրուսից, և ԱՄՆ կառավարության՝ տնտեսական ահաբեկչության քաղաքականությունից։ Սակայն անգամ համաճարակի պայմաններում ԱՄՆ կառավարությունը չի հրաժարվել առավելագույն ճնշման նենգ քաղաքականությունից։

Դուք, ինչպես աշխարհի մնացած ժողովուրդները, առերեսվել եք քայքայիչ համաճարակին, դառնացած և անհանգստացած եք ձեր և ձեր սիրելիների ապագայով։ Այս անգամ մայրցամաքը շրջապատող օվկիանոսները բավարար պաշտպանություն չեն։

Մենք գիտենք, որ պատերազմը այս վարակի դեմ կարող է հաջողված լինել միայն, եթե բոլոր պետությունները այն միասնաբար հաղթեն․ որևէ պետություն անմասն չի մնացել դրանից։

Սա է գլոբալացման մեդալի հակառակ կողմը՝ ահազանգ, որ երջանկությունն ու աղետը գլոբալացված են։ 

Ես զգուշացնում եմ, որ համաճարակային իրավիճակում Թեհրանը, Փարիզը, Լոնդոնն ու Վաշինգտոնը միմյանցից հեռու չեն, և թշնամաբար տրամադրված ցանկացած խաղացող, որը ձգտում է խաթարել Իրանի առողջապահական համակարգը, խաթարելու է համաճարակի դեմ պայքարն ամբողջ աշխարհում։

Արդարության և մարդկության անունից դիմում եմ ձեր ողջախոհությանը և կոչ անում ձեզ, որ ստիպեք ձեր վարչակազմին ու Կոնգրեսին տեսնել՝ պատժամիջոցների ճանապարհը երբեք հաջողության չի բերել և չի բերելու ապագայում։

Ժամանակն է, որ ամերիկացի ժողովուրդը իր ձայնը բարձրացնի և կառավարությանը հաշվետու պահի՝ այդպիսով փակելով ամերիկյան պատմության այս մութ էջը»,- ասված է Ռոհանիի ուղերձում։

Ստելլա Մեհրաբեկյան 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում