Գլխավոր Լրահոս

Հայաստանի համար ընդունելի չեն մինչև 2018թ. ներկայացված` փուլային տարբերակ ենթադրող առաջարկները. ԱԳՆ

Հայաստանի համար ընդունելի չեն մինչև 2018թ. ներկայացված` փուլային տարբերակ ենթադրող առաջարկները. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի հարցին, նշել է, որ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Թերթի հարցն ու խոսնակի պատասխանը՝ ստորև․ Հարց. Վերջին օրերին տարբեր անդրադարձներ են կատարվել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ, որոնցում նշվել է կարգավորման փուլային մոտեցման մասին։ Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ: Դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է արտահայտել հայկական կողմը: Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Պատասխան. 2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին: Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա: Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը: *** Ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման ակումբի անդամների հետ առցանց ձևաչափով կազմակերպված հանդիպման ժամանակ պատասխանելով արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ներկայում կողմերը ակտիվ քննարկում են կարգավորմանն առնչվող այն նախագծերը, որոնք շրջանառության մեջ են դրվել 2019թ․ ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։ Նույն օրը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել է ռուսաստանցի իր պաշտոնակցի հայտարարությանը՝ ասելով․ «Այո, այդ մեկնաբանության մեջ [Լավրովի - խմբ․] եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ Քի Վեսթից մինչև վերջերս։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ․, 2016-ին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ։ 2014թ․ առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»։
Արդյոք Լավրովի հայտարարությունում կա՞ սենսացիա, և ինչ են ենթադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային ու փաթեթային մոտեցումները՝ զրույցում։
Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում