Գլխավոր Լրահոս

Գտնե՛լ բանաձևը՝ ինչպես ընկալել Հայոց ցեղասպանությունը և այն փոխանցել հաջորդ սերնդին․ Սուրեն Մանուկյան

Գտնե՛լ բանաձևը՝ ինչպես ընկալել Հայոց ցեղասպանությունը և այն փոխանցել հաջորդ սերնդին․ Սուրեն Մանուկյան

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրուցել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ներկա հանգրվանի մասին։ Զրույցը կրճատումներով՝ ստորև։

- Պարոն Մանուկյան, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Հասկանալի է, որ համավարակի պայմաններում բազմաթիվ ծրագրված միջոցառումներ չեն անցկացվում, կամ փոխվում է դրանց անցկացման ձևաչափը։ Բայց խոսենք այն մասին, թե ինչ հանգրվանի է այսօր հասել Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ո՞ր փուլում ենք այսօր։

- Այո՛, ապրիլի 24-ը միշտ հարմար առիթ է նման քննարկումների համար, և մենք ավանդաբար փորձում ենք վերլուծել՝ ինչ է տեղի ունեցել անցած 24-ից մինչև այս 24-ը։ Եթե խոսենք 2019-ի ապրիլից առ այսօր տեղի ունեցած զարգացումներից, կարող ենք ասել, որ տարին քանակական առումով միգուցե այդքան ակտիվ չէր։ Հայոց ցեղասպանության մասին լուրերը, հոդվածները և քննարկումները միգուցե քանակի առումով քիչ էին նախորդ տարիների համեմատ, բայց որակական առումով շատ հաջող տարի էր, որովհետև ունեցանք ճանաչման հետ կապված 3 մեծ թեմա։ 

Առաջինը ապրիլի 26-ին Պորտուգալիաի կողմից ճանաչումն էր։ 

Երկրորդը Ամերկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Կոնգրեսի երկու պալատների կողմից ճանաչումը հոկտեմբերի 29-ին և դեկտեմբերի 12-ին։ Շատ կարևոր իրադարձություն էր, որին մենք շատ երկար էինք սպասել։ 

Եվ երրորդը, որն այսպես, թե այնպես պետք է լիներ, բայց երկար տարիներ տարբեր պատճառներով տեղի չէր ունենում, 2020-ի ապրիլի 13-ին Սիրիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումն էր։

- Ի՞նչ ազդեցություն է ունենալու հատկապես Միացյալ Նահանգների ճանաչումը ընդհանուր գործընթացի վրա։

- Ցանկացած քաղաքական որոշում, որն ընդունվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից, չի կարող ուղղակի որոշում լինել և անպայման հետևանքներ է ունենում։ ԱՄՆ-ն այն պետությունների առաջին շարքում էր, որի ճանաչմանը մեր ժողովուրդը սպասում էր՝ հասկանալով ԱՄՆ-ի դիրքը, նշանակությունը համաշխարհային քաղաքականության մեջ։ Հայկական համայնքը ևս սպասում էր այս որոշմանը, որովհետև այլ հարց է, երբ հանրային մակարդակում փորձում ես, օրինակ, ինչ-որ միջոցառում կազմակերպել, Հայոց ցեղասպանությունը ոգեկոչել կամ դրա ուսումնասիրությամբ զբաղվել ԱՄՆ-ում, և չունես դրա համար պետականորեն հաստատված ինչ-որ բանաձև, որոշում, և այլ հարց է, երբ արդեն զինված ես դրանցով։

Կոնգրեսի կողմից ընդունված երկու բանաձևերում էլ տեսնում ենք՝ հստակ նշվում է, որ Միացյալ Նահանգները այլևս երբեք ներգրավված չեն լինելու Հայոց ցեղասպանությա ժխտման որևէ նախագծում, ծրագրում։ 

Սա շատ կարևոր է և թույլ կտա մեր գիտնականներին, հետազոտողներին կամ համալսարաններում միջոցառումներ կազմակերպող մեր ակտիվիստներին միշտ պայքարել թուրքական հակաքարոզիչների դեմ, որոնք միշտ ակտիվ են եղել, որոնք ֆինանսավորվել են և ֆինանսավորվում են Թուրքիայից և միշտ շատ ծանր խոչընդոտներ են առաջացրել այս առումով մեր համայնքի համար։ 

Շատ կարևոր է նաև որոշման մասին հայտարարությունը, որ ԱՄՆ-ը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերին։ Իհարկե, բոլոր նահանգներում դա պարբերաբար արվում էր, բայց հիմնականում հայկական համայնքի կամ դրա հետ աշխատող կոնգրեսականների ջանքերով։ Հիմա դա փաստորեն ամրագրված է օրենսդրական մակարդակում ընդունված բանաձևի միջոցով։

Եվ վերջինը, որը ես նույնպես շատ կարևոր եմ համարում, կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության ներմուծման հորդորն է։ Այս թեման դպրոցական և համալսարանական ծրագրերում ընդգրկելով՝ մենք այն դարձնում ենք ամերիկյան հասարակության սեփականությունը, այսինքն՝ իրենք սկսում են դա ընկալել որպես իրենց հասարակության հետ անմիջականորեն կապ ունեցող երևույթ։

Մենք մտնում ենք ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական տարի։ Եթե համեմատում ենք նախորդ ընտրությունների հետ, որոնց ժամանակ հայկական թեման բացարձակապես լուսանցքում մնաց, ոչ մի թեկնածու հայկական կազմակերպությունների հետ նույնիսկ չհանդիպեց, այս տարի մենք արդեն տեսնում ենք, որ թեկնածուները, գոնե նրանցից ոմանք, միգուցե արդեն ընկալում են հայկական գործոնի կարևորությունը։

Օրինակ՝ նախագահի թեկնածուներից Ջո Բայդենը արդեն հայտնել է իր դիրքորոշումը անցած տարվա սեպտեմբերին՝ հատուկ նամակ հղելով Ամերիկայի հայկական կոմիտեին, Ազգային կոմիտեին, որում նա շեշտում էր, որ պետք է Հայոց ցեղասպանությունը ամրագրվի նաև ամերիկյան քաղաքական որոշումներում։ Կարծում եմ, որ սրանք փոխկապակցված երևույթներ են, որոնք շատ կարևոր են լինելու մեզ համար։

- Ինչպե՞ս եք դուք գնահատում այսօրվա իշխանությունների քաղաքականությունը Ցեղասպանության ճանաչման հարցում։ Ձեր գնահատմամբ՝ կա՞ ինչ-որ հստակ մոտեցում, քաղաքականություն, թե՞ կարելի է ընդհանուր առմամբ համաձայնել այն պնդմանը, որ Ցեղասպանության հարցը այսօրվա ընդհանուր օրակարգում չկա։

- Գիտեք՝ ցավալի հարց եք տալիս, որովհետև պատասխանը նույնպես լինելու է ոչ այդքան, չգիտեմ, գոնե ինձ բավարարող։ Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանություններն իրոք այս թեման առաջնային չեն համարում։ Ցավով եմ սա նշում, որովհետև, օրինակ, նախկին իշխանությունների պարագայում այդպես չէր, թողնենք մի կողմ՝ ինչ նպատակներով, ինչ նկատառումներով։

Առաջին մեծ նկատառումը, իհարկե, իրենց պակասող լեգիտիմությունն էր։ Նախկին իշխանությունները իրենց, իրենց՝ իշխանության գլխին գտնվելու փաստը լեգիտիմացնելու համար մեծ ուշադրություն էին դարձնում Հայոց ցեղասպանությանը։ Այս իշխանությունն այդ խնդիրը չունի, և, ցավոք սրտի, թեման այդքան էլ ուշադրության կենտրոնում չէ։ Նախկին իշխանությունները՝ և՛ խորհրդարանական դիվանագիտության առումով, և՛ քաղաքական առումով, ավելի ակտիվ էին, արվող հայտարարությունները և ուղարկվող մեսիջները ավելի հստակ էին, և որոշակի քաղաքականություն նշմարվում էր։

Այսօր Հայոց ցեղասպանությանն ուղղված քաղաքականությունը գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներսում

Ես կարծում եմ, որ այսօր Հայոց ցեղասպանությանն ուղղված քաղաքականությունը գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներսում։ Չեմ ասի, որ դա վատ է, ամեն դեպքում էլի ինչ-որ մոտեցում է։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ այսօրվա նախարարը նաև թեմայի մեջ ներգրավված անձնավորություն է։ Պարոն Մնացականյանը դեռ Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Հայաստանի ներկայացուցիչը լինելու ժամանակ նախաձեռնեց Ցեղասպանության կանխարգելման հայտարարությունների և բանաձևերի ընդունումը ՄԱԿ-ում, և նա մարդ է, որին այս թեման հետաքրքրում է, հոգեհարազատ է։

Համենայնդեպս, կարծում եմ, որ Հայաստանի՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքականությունը հիմնականում հենց Մնացականյանի գծած և իր կողմից իրականացվող մարտավարությունն է։ Ես կուզենայի, որ սա փոխվեր, առավել ևս, որ մեր խորհրդարանում կան մարդիկ, որոնք նաև ժամանակին որպես պատմաբան և որպես իրավաբան զբաղվել են Հայոց ցեղասպանության հարցով։ Այդ առումով, կարծում եմ, որ դեռ աշխատելու տեղ ունենք։

Բայց մյուս կողմից նաև, ինչ-որ չափ հասկանում եմ՝ միգուցե այնքան շատ են գործերը, այնքան շատ է անելիքը, որ այս թեման դեռ օրակարգում իր տեղը չի գտել, և միգուցե հերթի մեջ է և հաջորդ տարիներին կտեսնենք, որ ավելի հաստակ մշակված ռազմավարություն կլինի՝ ուր ենք մենք գնում, ի վերջո ինչի ենք ուզում հասնել և ինչ ճանապարհով ենք մենք գնում։

- Վերջերս կարծես ավելի մեծ տարածում է գտնում այն նարատիվը, որ պետք է ձերբազատվել զոհի կերպարից, ըստ այդմ, ցեղասպանության կամ դրա ճանաչման մասին խոսելը դառնում է, այսպես ասենք, ոչ թրենդային։ Այս տեսանկյունից ի՞նչ ունենք փոխելու, ի՞նչ ունենք սովորելու կամ արդյոք ընդհանրապես պե՞տք է որևէ բան սովորենք Իսրայելից։

- Ես կարծում եմ՝ այո, Իսրայելից սովորելու բան ունենք այս առումով։ Մենք ընդհանրապես շատ ենք Իսրայելի հետ համեմատվում տարբեր հարցերում, և ես մի մասի հետ ընդհանրապես համաձայն չեմ, որովհետև չեմ կարծում, որ բոլոր ոլորտներում նրանք մեզ համար պետք է օրինակ լինեն։

Ոլորտներ կան, որ ես բոլորովին չէի ուզենա, որ մենք Իսրայելի ճանապարհով շարժվենք, բայց գոնե այս՝ Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանությունը որպես սեփական ազգային շահերը առաջ տանելու, ազգային անվտանգությունը ամրացնելու և նաև աշխարհի հետ քո ուզած օրակարգով, քո ուզած ուղղություններով, քո ուզած թեմաներով հարաբերվելու համար օգտագործելը, ես կարծում եմ, որ դրանում մենք իհարկե սովորելու բան ունենք Իսրայելից։ 

Այս տարի նշանավոր էր նաև, որ Իսրայելում Հոլոքոստի հիշատակման շատ մեծ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության նախագահն էլ այլ երկրների ղեկավարների հետ մասնակցեց։ Իսրայելը չի խորշում թեման ներկայացնել և գոնե Իսրայելի հանրային հիշողության մեջ այն չի ընկալվում որպես թուլություն, այն չի ընկալվում որպես զոհ լինելու բարդույթ, թեև սկզբնական շրջանում այդպես եղել է։ 

Մեր հասարակաությունում ես էլ եմ վերջին շրջանում զգացել այդ խնդիրը, որ մենք դեռ չենք ձևավորել զոհի և դիմադրության ճիշտ բալանսը

Իսրայելում էլ են անցել այդ փուլը, բայց նրանք դա հաղթահարեցին 60-70-ականներին արդեն։ Մեր հասարակաությունում ես էլ եմ վերջին շրջանում զգացել այդ խնդիրը, որ դեռ մենք չենք ձևավորել զոհի և դիմադրության ճիշտ բալանսը։ Կան խոսակցություններ, որ պետք է ընդհանրապես խուսափել զոհի բարդույթից, միայն խոսել դիմադրության,  պայքարի մասին, և կա նաև հակառակ կարծիքը, որ դրանով մենք Հայոց ցեղասպանությունը որպես գլոբալ հանցագործություն, դրա նշանակությունը նսեմացնում ենք։ Մենք հիմա այդ փոլում ենք, փնտրտուքի մեջ, ինչպես համադրենք, ինչպես բուժվենք, ինչպես փորձենք դուրս գալ այն խնդիրների ծանր բեռից, որ մեզ վրա կրում ենք, և այն չփոխանցենք մեր նոր սերնդին, այսինքն՝ փորձենք գտնել մեր բանաձևը, տանք այդ բանաձևը՝ ինչպես կարելի է ընկալել Հայոց ցեղասպանությունը, ինչպես կարելի է խուսափել զոհի բարդույթից՝ միաժամանակ չմոռանալով անմեղ զոհերին, և արդեն այդ բանաձևը փոխանցենք մեր հաջորդ սերնդին, և չվարվենք այնպես, ինչպես մեր նախորդ սերունդը մեզ հետ վարվեց։ Այն ուղղակի մեզ տվեց չլուծված խնդիր՝ առանց որևէ բանաձևի։ Մենք պետք է կարողանանք ի վերջո այդ հարցը լուծել, գտնել այդ բաանձևը և մեկընդմիշտ այդ բալանսը գտնելով՝ փոխանցենք այն հաջորդ սերնդին։

- Ինչպե՞ս գտնել այդ բանաձևը, արդյոք այն պետք է ձևակերպվի միայն Հայաստանի՞ ներսում, թե՞ համահայկական երկխոսություն պետք է լինի։

- Ես կարծում եմ՝ սա համահայկական խնդիր է։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ստեղծվեց 100-ամյակի հանձնաժողովը։ Շատ լավ կառույց էր, շատ արդյունավետ աշխատեց։ Այն մի հարթակ էր, որում ամբողջ հայութունը հավաքվել էր։ Ես հիշում եմ՝ հանձնաժողովի վերջին նիստին հայտարարվեց, որ ստեղծվելու է Ազգային խորհուրդ, այսինքն՝ հարթակը մնալու է, պահպանվելու է կառուցվածքը, ուղղակի վերանվանվելու է Հայոց խորհուրդ և շարունակելու է աշխատանքը։ Ցավոք սրտի, արդեն հինգ տարի անցավ, դա չձևավորվեց։ 

Մենք հիմա այդ փոլում ենք, փնտրտուքի մեջ՝ ինչպես համադրենք, ինչպես բուժվենք, ինչպես փորձենք դուրս գալ խնդիրների ծանր բեռից

Հարթակ լինի, որտեղ կհանդիպեն և՛ Հայաստանի էլիտան, գիտնականները, և՛ սփյուռքի հիմնական կառույցները։ Այնտեղ միգուցե հնարավոր կլինի գտնել այդ բալանսը, որովհետև նաև պետք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանության պատկերացումները Հայաստանում և Սփյուռքում տարբերվում են։ Դրա համար կարծում եմ՝ պետք է իհարկե լինի համահայկական կոնսենսուս, բայց գոնե պետք է դրա շուրջ խոսակցություն բացվի։ 

Եվ իհարկե, գալիս ենք ամենակարևորին․ այդ բանաձևը պիտի փորձենք ներմուծել դպրոց և այնտեղ արդեն աշակերտներին տանք նորացված ուղերձները։

Շատ կարևոր տեղ եմ հատկացնում նաև եկեղեցուն։ 2015-ին ունեցանք չտեսնված մի փորձ՝ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման ծեսը, որը պետք է իր հետևանքները ունենար բալանսը գտնելու մեջ, որովհետև առաջացել էր նոր բանաձև, այսինքն՝ նրանք այլևս զոհեր չէին, նրանք նահատակվել էին և ի վերջո սրբադասվել։ Սա ևս հասարակությանը անհաղորդ մնաց։ Այստեղ եկեղեցին նույնպես աշխատելու տեղ ունի՝ քարոզելու, բացատրելու, թե ինչ փոխվեց և ինչ պետք է փոխվի ընկալումներում։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում