Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) զեկույց է հրապարակել այն մասին, թե հետխորհրդային տարածքի «անջատված պետականակերպ կազմավորումները» ինչպես են պայքարում կորոնավիրուսի համաճարակի դեմ (The COVID-19 Challenge in Post-Soviet Breakaway Statelets)։
Զեկույցն անդրադառնում է Դոնբասին, Մերձդնեստրին, Հարավային Օսիային ու Աբխազիային և Լեռնային Ղարաբաղին։ Նշվում է, որ դիվանագետները աշխատանք են կատարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ստեփանակերտի միջև շփումներ հաստատելու ուղղությամբ։ Բացի այդ, միջնորդներն են փորձում դյուրացնել Ղարաբաղին ուղղակի կամ Երևանի միջոցով աջակցության տրամադրումը համաճարակի դեմ պայքարում։ Զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Տարիներ շարունակ ձգվող հակամարտությունը քայքայել է Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի ենթակառուցվածքը։ Մինչ Հայաստանը և հայկական սփյուռքի որոշ կազմակերպություններ կարողացել են տրամադրել հիմնական բժշկական պարագաներ, բժշկական անձնակազմը, սակայն, հաճախ չի տիրապետում պահանջվող հմտություններին։ Գիտելիքի այդ բացը գոյություն ունի մասամբ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակը թույլ չի տալիս քաղաքացիներին մեկնել արտասահման՝ ուսում ստանալու և մասնագիտական կոնֆերանսների մասնակցելու համար: Իրավիճակը հատկապես ծանր է Ստեփանակերտից դուրս, որտեղ նույնիսկ հիմնական սարքավորումներն ու շտապ օգնության մեքենաներն են հնացած ու չեն բավականացնում։ Բացի այդ, չնայած Երևանը տրամադրել է COVID-19-ի ստուգման թեստեր, տեղի լաբորատորիան ի վիճակի չէ գնահատել արդյունքները, և նմուշները պետք է ուղարկվեն Հայաստան:
Մարտի վերջին Հայաստանի հետ ելումուտը փակելուց բացի, Արցախը մի քանի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեց և մարտի 31-ին անցկացրեց իր նախագահական և խորհրդարանական ընտրությունները, իսկ ապրիլի 14-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Անտեսելով ընտրությունները հետաձգելու քաղաքացիական հասարակության և տեղական բժիշկների բազմաթիվ կոչերը՝ որոշ թեկնածուներ մեծ հանրահավաքներ անցկացրին մարզադաշտերում և քաղաքային հրապարակներում: Ընտրություններին մասնակցությունը բարձր էր, և քվերարկության հերթերում սերտորեն կողք կողքի կանգնած մարդկանցից քչերն էին դիմակ կամ ձեռնոց կրում։ Միայն ապրիլի 14-ին ընտրատեղամասերի փակումից հետո ուժի մեջ մտան տեղաշարժի իրական սահմանափակումները։ Նույն ամսվա վերջին իշխանությունները սահմանեցին երեք անցակետ՝ Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակելու համար։
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միջազգային միակ կազմակերպությունն է, որն աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղում։ Նա տրամադրում է դրամաշնորհներ տարեց մարդկանց, տեղի երիտասարդներին տրամադրում է առցանց ուսուցման համար նախատեսված պլանշետներ, իսկ հիվանդանոցներին, մանկատներին և կալանավայրերին, ինչպես նաև այստեղի միակ ծերանոցին՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ և ախտահանիչ նյութեր: Աշխատելով տեղի բժշկական անձնակազմի հետ՝ ԿԽՄԿ-ն սկսել է գնահատել հիվանդանոցների կարիքները Ղարաբաղի ամբողջ տարածքում: Բայց, ինչպես նշել է օտարերկրյա մի դիվանագետ, «ԿԽՄԿ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չէ, և այն չի կարող փոխարինել մասնագետներին, որոնք գիտեն, թե ինչպես պետք է դիմակայել համաճարակին»։
Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխարհագրական ընդգրկումը սահմանափակ է, այն կարող է գործել միայն խորհրդային Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում: Այն մատչում չունի հարակից տարածքներում գտնվող բնակավայրերին, որտեղ բնակվում է շուրջ 17 000 մարդ, և որտեղ հայտնաբերվել են COVID-19 հիվանդության առաջին յոթ դեպքերը:
Ստեփանակերտն ապավինում է Երևանից շարունակական օգնությանը, բայց ցանկություն ունի ավելի շատ միջազգային աջակցություն ստանալ: Հայաստանն ինքնին բախվում է հետխորհրդային երկրների շրջանում վարակվածության աճի ամենավատ տեմպերից մեկի հետ և արդեն ստիպված էր իր ամենամեծ համերգասրահը վերածել կորոնավիրուսով վարակակիրների համար հիվանդանոցի:
Քանի որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով համարվում է Ադրբեջանի տարածք, միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ է Բաքվի թույլտվությունը՝ այնտեղ գործունեություն ծավալելու համար։ Առանց Ադրբեջանի թույլտվության, ՄԱԿ-ի ոչ մի կազմակերպություն, ներառյալ՝ ԱՀԿ-ն, մուտք չունի այդ տարածք։ Բացի այդ, դիվանագետներից մեկի խոսքով, օտարերկրյա դոնորները չեն կարող միջոցներ առաջարկել՝ առանց «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից հստակ քաղաքական ազդանշանի և Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության»:
Այնուամենայնիվ, համանախագահներն աջակցում են այդ գաղափարին։ Ապրիլի սկզբից նրանք Երևանում և Բաքվում հաճախ պաշտոնատար անձանց հետ խոսել են Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսին հակազդելու ծրագրերի մասին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկու անգամ զանգահարել է Բաքվի իր պաշտոնակցին՝ քննարկելու այդ հարցը։ Այս լուռ դիվանագիտության գագաթնակետը ապրիլի 21-ին համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առցանց հանդիպումն էր։ Խումբը հայտարարություն հրապարակեց, որում հաստատում էր բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ կազմակերպելու այդ աջակցությունն «առանց հաշվի առնելու քաղաքական սահմանները», և հույս էր հայտնում, որ դա «ստեղծագործական և կառուցողական խթան կհաղորդի խաղաղության գործընթացին»։ Չնայած խոստումնալից հեռանկարին՝ այս պարտավորությունը դեռ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների:
Մինչ այդ, դիվանագետները մշակել են օգնության ցուցաբերմանն ուղղված մի քանի գաղափարներ։ Տարբերակներից մեկն այն է, որ օգնությունը հասցվի Հայաստանի իշխանությունների միջոցով, թեև Բաքուն պետք է հավանություն տա նման պայմանավորվածությանը, ինչը մինչ օրս չի արել։ Նույնը վերաբերում է այն ամենին, ինչ կարվի անմիջապես Ղարաբաղի իշխանությունների միջոցով։ Որպես այլընտրանք, դիվանագետներից մեկն առաջարկել է ԱՀԿ-ի և Ստեփանակերտի միջև հեռախոսային կապ կազմակերպել՝ իրավիճակին հետևելու և բուժաշխատողների առցանց ուսուցումն ապահովելու համար:
Օգնություն է անհրաժեշտ, և ոչ միայն կարճաժամկետ։ Այս պահին դե ֆակտո ղեկավարությունը, կարծես, համոզված է, որ ինքը կարող է հաղթահարել տնտեսական դժվարությունները: Այստեղ զարգացած է գյուղատնտեսության ոլորտը, և ապրիլի սկզբին իշխանություններն ընդլայնել են իրենց գյուղատնտեսներին աջակցելու ծրագրերը։ Հայաստանը ապահովում է Ղարաբաղի ֆինանսավորման գրեթե կեսը, իսկ դա նշանակում է, որ հետևանքներն այնտեղ այդնան էլ մեղմ չեն լինի:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Civilnet











