Գլխավոր Լրահոս

Ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է․ Զոհրաբ Մնացականյան

Ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է․ Զոհրաբ Մնացականյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:

Ըստ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: ԱԳ նախարարը, մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի հաստատումը: ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ գործակցության խթանմանը միտված քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության և մեր երկրի առաջնահերթությունների մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը: «Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ այլ հանձնարարականներ:

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայքը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում