Գլխավոր Լրահոս

Արցախի նախագահը կարևորում է ռազմահայրենասիրության նախարարության ստեղծումը

Արցախի նախագահը կարևորում է ռազմահայրենասիրության նախարարության ստեղծումը

Ռազմահայրենասիրությունը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ուղիղ եթերում խոսեց նոր կառավարության փոփոխությունների և նշանակումների մասին։

«Կառուցվածքային փոփոխության արդյունքում կարևորում եմ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը։ «Ռազմահայրենասիրություն» տերմինը, բառը առաջին անգամ ենք օգտագործում կառավարության կառուցվածքում։ Եվ սա պատահական չէ։ Ռազմահայրենասիրությունը, բանակ-հասարակություն կապը լինելու է մեր կառավարության, նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը։ Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում ընդհանուր համերաշխությունը բացակայում է, եթե երկրում մեր գլխավոր մարտահրավերը ստորադասվում է, իսկ դա արցախյան խնդիրն է։ Եվ այդ բոլորի հաջողության գրավականը ռազմահայրենասիրությունն է»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը անդրադարձավ նաև տարածքային կառավարմանը՝ նշելով, որ այն բերելու են նոր հարթության։

«Նախագահի վերահսկողության ծառայությունը դառնալու է պետական վերահսկողական ծառայություն։ Բոլոր ոլորտների, նախարարությունների, գերատեսչությունների աշխատանքը լինելու է նախագահի վերահսկողության տակ։ Ուզում եմ զգուշացնել բոլորին՝ պետական ծառայողներին, պաշտոնյաներին՝ աշխատանքի բնագավառում թերացման արդյունքում լինելու է համապատասխան վերաբերմունք»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ աշխատակազմի նորանշանակ ղեկավարին հանձնարարական է տվել՝ բոլոր կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, յոթօրյա ժամկետում, լուծել այդ խնդիրը։ 

Արցախի նախագահը անդրադարձավ նաև քննադատություններին, կոչ արեց քաղաքական գործիչներին չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած անձանց։

«Մի՛ փորձեք ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերած համաձայնությունը պիտակավորել։ Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այլ այդ բառերը օգտագործողներն են ծախվողները։ Հանուն ազգի, հանուն ապագայի է ամեն ինչ կատարվում։ Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ մենք առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ համագործակցելու են անխտիր բոլորի հետ։

«Քաղաքական պայքարի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ, և այդ դաշտի խաղացողների հիմնական նպատակը մեր ապագան է։ Իսկ մենք փորձում ենք միասնության, համերաշխության, ընդհանուր օրակարգի շրջանակում համագործակցել»,- նշեց Արցախի նախագահը։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում