Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության և հետագայում ադրբեջանցի սպայի արտահանձնման ու պատժից կրումից ազատ արձակելու գործով վճիռը:
Ըստ «Արմենպրես»-ի՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահովումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։
Դատարանն արձանագրել է նաև, որ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել․ օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարևորը արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Նրանք հայցում նշել էին ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) փոխհատուցման մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել հայցվորներին։
***
2013թ․ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ինչպես նաև մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան էին (ՄԻԵԴ) ներկայացրել անհատական գանգատ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Գանգատում պահանջվում էր ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:
2004թ․ հունվարի 11-ից Գուրգենը մեկ այլ սպա Հայկ Մակուչյանի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» խրագրի շրջանակում անգլերենի 3-ամսյա ուսումնական դասընթացներին, որոնց մասնկացում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:
Փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 05։00-ին, Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։
Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ․ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի։
Մարգարյանը հուղարկավորվել է Եռաբլուրի զինվորական պանթեոնում: Աջափնյակ համայնքում սպանված հայ սպայի անվան պուրակում տեղադրվել է նրա հուշարձանը:
Civilnet











