Մայիսի 28-ին կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը:
«Այս օրը շատ մեծ ուղերձ ունի և խորհրդանշական է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում, Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում: Կարծում եմ, որ իսկապես ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: Եվ, իհարկե, այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի:
Մենք այս ընթացքում քննարկել ենք, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, արտադրության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում մեր ընդհանուր գործերը կազմակերպելու հետ կապված բազմաթիվ հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Իր հերթին, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ինտեգրման խորացումն ինձ համար՝ որպես երկրի ընտրված նախագահի, լինելու է գլխավոր թեմաներից մեկը և պատահական չէ, որ մտածում ենք առանձին՝ ինտեգրման կոմիտեի տեսքով ստորաբաժանում ունենալու մասին: Արդեն իմ հրամանագրով նախանշվել է, որ այն ստեղծվի:
Անվտանգության առումով, ինչպես Դուք նշեցիք, ունենք ավելի կարևոր համագործակցություն պաշտպանության բանակում, բայց մենք ունենք խնդիրներ անվտանգային մնացած ուղղություններով, որտեղ համատեղ աշխատանքը ևս կարևոր է:
Իսկ տնտեսությունն այլընտրանք չունի: Մենք նույն տնտեսական դաշտում նույն տնտեսական քաղաքականությունն իրականացնելով, հաշվի առնելով նաև Արցախի առանձնահատկությունները, Արցախի նկատմամբ հատուկ ուշադրությունը, գտնում ենք, որ ավելի մեծ տեմպեր մենք կարող ենք ունենալ: Նաև, անկեղծ ասած, պարոն վարչապետ, ակնկալում եմ անմիջապես Ձեր աջակցությունը պահպանելու նույն տեմպը, ինչպես վերջին տարիներին եղել է Ձեր ղեկավարման ընթացքում, որպեսզի առաջիկայում տեսնենք Արցախի շենացման, զարգացման ավելի ցայտուն օրինակներ: Տեսնում եմ Արցախն օր առաջ փոխելու, զարգացնելու և որպես հայության համար կարևոր բնօրրան ներկայանալու հնարավորությունը: Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել այս պատմական օրը Ձեր ընդունելության համար»:
Civilnet











