Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության ու օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է դարձել Սեյրան Հայրապետյանը։ Ընտրվելով այս հանձնաժողովի նախագահ՝ Հայրապետյանն ինքը ոլորտին առնչվող կոռուպցիոն մի քրեական գործի մեջ է ներգրաված եղել։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2016 թվականից նա ներգրավված է եղել մի քրեական գործում, որն առնչվում է խարդախության ու կաշառք ստանալու հետ։ Ըստ գործի նախապատմության՝ ԱԺ պատգամավորը, լինելով ԼՂՀ զինկոմիսարիատի պահեստազորի սպաների հաշվառման բաժնի պետ, պայմանավորվածության է եկել Երևանի բնակիչներ Գուրգեն Ավետիսյանի և նրա կնոջ հետ, վերջիններիս որդուն զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների կազմում չընդգրկելու մասին։ 2014-ին «Արցախբանկ»-ի միջոցով Հայրապետյանը ստացել է 200 դոլար և 80 000 դրամ։
Գործը հարուցվել է 2016-ի դեկտեմբերին՝ ՀՀ ռազմական ոստիկանության պետի հրամանով, ապա փոխանցվել է քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությանը։ 2018-ի հունիսին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Գործի քննության ընթացը, այստեղ սակայն երկարել է՝ նախ դատավորը արձակուրդում է եղել, հետո վերադարձել է, սակայն լիազորություններն են դադարեցվել, գործը մակագրվել է այլ դատավորի, մի քանի նիստերից հետո դեպքում մեղադրողը չի ներկայացել և այլն։ Ի վերջո 2020-ի հունվարին դատարանը որոշել է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրգործն էլ կարճել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Սեյրան Հայրապետյանը Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ է։ Հանձնաժողովի նախագահ նա դարձել է պատգամավորների 25 կողմ, 8 դեմ ձայներով։
Մկրտիչ Կարապետյան
Civilnet











