Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին։
Լարվածության համար պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա՝ պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնում «ադրբեջանցի եղբայրական ժողովրդին՝ կրած կորուստների համար»։
Թուրքիայի համոզմամբ՝ հայկական կողմը «պետք է հրաժարվի վտանգավոր մարտավարությունից և ընտրի իրավունքի ճանապարհը»:
Անկարան հայտարարում է, որ Հայաստանը «դիմում է արկածախնդրության՝ հանուն ձգտումների, որոնք գերազանցում են սեփական կարողությունները և ստեղծում խոչընդոտներ տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար»։
***
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով ետ մղվել։ Ապա ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը:
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Վաղ առավոտյան ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ «առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերը»։
Պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը հուլիսի 13-ի կառավարության նիստում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։