Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար․ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Տոնոյանն ասել է օգոստոսի 28-ին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում:
«Վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Միջազգային Կարմիր խաչը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք չեն խնայում, որպեսզի զինծառայողը վերադարձվի»,- ասել է Տոնոյանը:
Նախարարը նշել է, որ այժմ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կպարզվի, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:
«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնել է հակառակորդի կողմում: Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել այնտեղ, պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած, որ հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն Ադրբեջանում Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունն այցելի մեր զինծառայողին: Այս պահին այդ պահանջը չի կատարվել»,- նշել է պաշտպանության նախարարը:
Հայ սպա Գուրգեն Ալավերդյանն Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 24-ին: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Civilnet











