Գլխավոր Լրահոս

Պետդեպը փաստում է՝ Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավվել է, բայց առկա են խնդիրներ

Պետդեպը փաստում է՝ Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավվել է, բայց առկա են խնդիրներ

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հեղինակավոր վարկանիշներում զգալի առաջընթաց է գրանցել, որոնք գնահատում են երկրի գործարար և ներդրումային միջավայրը․ այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հրապարակած «2020 թվականի ներդրումային միջավայրը» զեկույցում:

Նշվում է, որ Հայաստանում առկա են զգալի ամերիկյան ներդրումներ, մասնավորապես, Contour Global ընկերության կողմից Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ձեռք բերումն ու Lydian International-ի ջանքերը ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ուղղությամբ: 

«Ամերիկյան ներդրողները ակտիվներ են ձեռք բերել նաև ՀՀ բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական-տեխնոլոգիական և հանքարդյունաբերության ոլորտներում», - մատնանշում են զեկույցի հեղինակները։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողներին, երկրի իրավական բազան և պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը, սակայն ներդրումային միջավայրը զուրկ չէ խնդիրներից:

«Խոչընդոտների թվին են դասվում Հայաստանի շուկայի փոքր ծավալը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով հարաբերական աշխարհագրական մեկուսացումը, օրենքի գերակայության և դատական համակարգի թուլությունը, ինչպես նաև կոռուպցիայի ժառանգությունը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը մեծ չէ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է միասնական ինտեգրված շուկայում:

2015թ. մայիսին Հայաստանը Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ TIFA-ն ստեղծում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների խորհուրդ՝ երկկողմ առևտրի և ներդրումների և դրանց հետ կապված հարցերի քննարկման համար: 2017 թվականի նոյեմբերին Հայաստանը ստորագրել է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մասամբ ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը», - ասված է զեկույցում։

ԱՄՆ Պետդեպարտամենտում կարծում են, որ օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում գործարար շահեր ստեղծելու կամ տնօրինելու իրավունքների որևէ սահմանափակում չկա։ «Բիզնեսի գրանցման ընթացակարգերը պարզ են։ Օտարերկրյա ընկերությունների կարծիքով՝ մնացած ողջամիտ կանոնները, քաղաքականությունը և օրենքները երբեմն խարխլում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առանցքային ինստիտուտներում անկախության, ներուժի կամ արհեստավարժության բացակայությունը, հատկապես դատական համակարգում», - կարծում են հեղինակները:

Նշվում է նաև, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության դրամատիկ փոփոխություն, և նույն թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում զրկվեցին իշխանությունից բազմաթիվ խորհրդարանականներ, որոնք, ինչպես հայտնի է, մեծ բիզնեսներ ունեն և չափազանց մեծ ազդեցություն են գործում տնտեսության խոշոր հատվածների վրա։

Համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու ջանքերի շրջանակներում իրականացվում է հակակոռուպցիոն արշավ։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, սակայն որոշ ձեռնարկություններ հայտնում են, որ այդ հաջողություններն ամրապնդելու համար ավելի լայն բարեփոխումներ են պահանջվելու դատական, հարկային, մաքսային, բժշկական, կրթական, զինվորական և իրավապահ մարմիններում: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային ուղղության, ներդրողները պնդում են, որ մնում են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել թափանցիկ, արդար և կանխատեսելի գործարար միջավայրի ապահովման համար:

Ներդրումային վեճը երկրի հանքարդյունաբերության ոլորտում զգալի միջազգային ուշադրություն է գրավել և մնում է չլուծված արդեն մի քանի տարի», - նշում են զեկույցի հեղինակները՝ նկատի ունենալով Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը, որն իրագործում է ամերիկա-բրիտանական ծագմամբ ներդրումներ ներգրաված «Լիդիան Արմենիա» ըներությունը։

 

Կառավարության փոփոխությունից հետո 2018 թվականին հակակոռուպցիոն արշավ է սկսվել, և համակարգային կոռուպցիայի վերացման ջանքերի շրջանակներում մի շարք աղմկահարույց գործեր են բացահայտվել։ Այս իրադարձությունները նպաստում են Հայաստանի ներդրումային միջավայրի և մրցակցային միջավայրի բարելավմանը, թեև կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալացվի երկարաժամկետ հեռանկարում, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային գործառնությունները, ինչպես նաև առողջապահությունը, կրթությունը, ռազմական և իրավապահ ոլորտները:

Ամերիկյան ընկերությունները նաև հաղորդել են, որ ներդրումային կլիման վատթարացած է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն ապահովելու անկարողությամբ: Մտահոգություններ են հնչել անկախ և ուժեղ դատական համակարգի բացակայության վերաբերյալ, ինչը խարխլում է կառավարության երաշխիքները հավասար վերաբերմունքի և թափանցիկության վերաբերյալ և սահմանափակում է ներդրումային կամ առևտրային վեճերի դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում