Ազգային ժողովի երեք խմբակցությունները համատեղ հայտարարություն են հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
Հայտարարությամբ խմբակցությունները փաստել են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյության, ՀՀ-ի և հայ ժողովրդի ու տարածաշրջանային անվտանգության համար։ «Հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտագի չեզոքացմանը»,- նշել են պատգամավորները հայտարարությունում։
Հայաստանի խորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու արցախյան հակամարտությանը, «որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը»։
«Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։ Մենք պահանջում ենք իրերը իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության ու մարդատյացության միջև»,-ասված է հայտարարությունում;
Civilnet











