Այսօրվա դրությամբ՝ ժամը 17-ի սահմաններում, արձանագրվել են հակառակորդի հետևյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավելի անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ։ Նախնական տվյալներով՝ պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ․ այս մասին ասել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսին։
«Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են՝ ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում և աճում են։ Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում նաև մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների առաջխաղացման փորձերը կասեցնելուն՝ պատճառելով նրան կենդանի, ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ»,-ասաց Սարգսյանը։
ԱՀ ՊԲ հրամանատարի տեղեկալը նշեց, որ երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել անձնակազմին, ընհակառակը՝ նրա խոսքով, արցախյան բանակի երիտասարդ սպաները և զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ և հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների։
«Անձնակազմի մարտական ոգին բարձր է։ Մենք ուժեղ ենք, քան երբևէ»,-ասաց Սարգսյանը։
Սաթենիկ Հակոբյան
Civilnet











