Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 29-ի գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, սակայն չեն եղել նույն ինտենսիվությամբ։ Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական ուժերը ավիացիոն ու հրետանային հարվածներ են հասցրել, այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանն ու շեշտել՝ կիրառվել է ավիցիա, ԱԹՍ-ներ, հրթիռներ ու հրետանի։ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կան զոհեր։ Նրանց վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի օրվա ընթացքում։
Կոնկրետ ուղղություններով, կոնկրետ գործողությունները, որոնք վերաբերում են հայկական զինուժի հաջողություններին, Հովհաննիսյանը չի ցանկացել մեկնաբանել։
«ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, նաև ռադիոտեխնիկահետախուզական միջոցների ու ովքեր փորձում են լուրջ չվերաբերվել մեր տեղեկություններին, համապատասխան անակնկալ է սպասվում։ F-16-երը բերվել, աշխատում էին, օրեր առաջ Արցախի նախագահը նշեց, որ հետախուզական թռիչքներ էին իրականացնում։ Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, հասկանում ենք, փորձ ունենք, որ F-16-ը օդում է, «Բայրաքթար»-ին է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի և կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում։ Համարներով գիտենք, շատ լավ գիտենք, թե ինչպես են փոխհամագործակցում իրար հետ»,-ներկայացրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՄԻԳ-երը չէին կարող խոցել ՍՈՒ-25-ը։
Հովհաննիսյանը հայտարարեց՝ F-16-երը զույգերով են մարտական խնդիրներ լուծում։ ՊՆ ներկայացուցիչը միաժամանակ չի ցանկացել հայտնել, թե որ երկրի տարածքով են Ադրբեջան հասել F 16-երը։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ Ադրբեջանի մարտավարական ու ուժերի կիրառման նրբություննեը ֆիքսվում են ժամ առ ժամ։
Մկրտիչ Կարապետյան
Civilnet











