Հայաստանը տեղին չի համարում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պայմաններում Մոսկվա-Երևան-Բաքու գագաթաժողովի անցկացումը։ Այդ մասին ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմական գործողությունների ժամանակ այնքան էլ տեղին չէ խոսել գագաթաժողովի մասին։ Բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ և պայմաններ», - ասել է Փաշինյանը լրագրողներին, հայտնում է «ՌԻԱ Նոսվոստի»-ն։
Ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի՝ Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը։
«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է։ Շատ դժվար է խոսել այն մասին, թե երբ է ժամանակը դիմել: Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգեր գործարկելն այլ հարց է։ Հայաստանի Զինված ուժերը կարող են պաշտպանել երկրի անվտանգությունը», - ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ քննարկվում են անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները՝ կախված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից:
«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ, տեղեկացնում ենք ստեղծված իրավիճակի մասին: Սակայն Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց մասնակցության»,- ասել է նա։
Նրա խոսքով` Հայաստանը չի դիտարկում հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորությունը։
«Մեր օրակարգում նման հարց չկա», - պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող բնակավայրերը և սկսել մասշտաբային հարձակում շփման գծի երկայնքով: Կան զոհեր քաղաքացիական եւ զինվորական:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության՝ Արցախը ենթարկվել է օդային և հրթիռային հարձակման։ Հրետանային գնդակոծության են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, իշխանությունները բնակչությանը կոչ են արել թաքնվել ռմբապաստարաններում, իսկ ավելի ուշ Արցախում հայտարարել են ռազմական դրություն եւ զորահավաք:
Ռազմական դրությունն ու համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել է նաև Հայաստանը։ Ադրբեջանը ևս հայտարարել է ռազմական դրություն, ինչպես նաեւ մասնակի զորահավաք:
#ՍիվիլՆեթ #Լուրեր
Civilnet











