ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը․ հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը։
Նույն ժամանակահատվածում ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ»,- նշել է Հովհաննիսյանը:
Civilnet











