Հայաստանի և Արցախի ամբողջ բժշկական հանրույթը, իր գրեթե մյուս ոչ այդքան կարևոր գործերը թողած, զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ և տարհանմամբ, և Գորիսը ամենահիմնական տարանցիկ կետն է մեր գործում․ այս մասին հոկտեմբերի 6-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ունենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր թե՛ ռազմական անձնակազմի շրջանում, թե՛ հատկապես, ինչը դատապարտելի է, քաղաքացիական բնակչության շրջանում։ Ես ինքս երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել Ստեփանակերտից, դա իմ երրորդ այցն էր առաջին օրվանից»,- ասել է Թորոսյանը։
Համեմատելով առաջին և վերջին օրերի իրավիճակը՝ առողջապահության նախարարը պատմել է, որ Ստեփանակերտը գտնվում է ամբողջությամբ ռմբակոծության տակ, հրթիռների թիրախները թե՛ քաղաքում գտնվող ռազմական օբյեկտներն են, թե՛ քաղաքացիական՝ հատկապես ենթակառուցվածքային, ինչը, փաստացի, խափանում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։
«Հատկապես ես կարող եմ խոսել բժշկական ծառայության առումով․ ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաև Հայաստանից օգնության մեկնած մեր գործընկերները երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետև Ստեփանակերտը կամ այլ քաղաքները գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ և նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքը ունեն»,- նշել է Թորոսյանը։
«Ավելին ասեմ՝ ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ, այնքան մոտ որ հիվանդանոցը պարզապես դղրդաց, հրթիռային հարվածին, որը մեծ հավանականությամբ կարող էր հարվածել հենց հիվանդանոցին»։
Նախարարն ասել է, որ բժշկական անձնակազմի մոտ կա այնպիսի տպավորություն, տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունները, որ չի բացառվում, որ լինի ուղիղ հարված նաև բժշկական ենթակառուցվածքին, ինչը նույնիսկ կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ։
Civilnet











