Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին։ Նա մասնավորապես նշել է․ «Լեռնային Ղարաբաղում հակամարտության իրավիճակն այս պահին չափազանց լուրջ է։ Այդ պատճառով մեր քաղաքական մոբիլիզացիան շատ ուժեղ է, քանզի, ինչպես գիտեք, 1994թ.-ից ի վեր Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, լիազորություն ունի ԵԱՀԿ կողմից, ինչը հանգեցրեց նրան, որ երեկ երեկոյան իմ գործընկերներ Պոմպեոյի և Լավրովի հետ համատեղ հաղորդագրությամբ հանդես եկանք, ինչը հնարավոր է զարմանալի թվա, քանի որ մենք հազվադեպ ենք այս ձևաչափով հանդես գալիս` կոչ անելով երկուստեք դադարեցնել մարտերը և սկսել բանակցությունները երեք համանախագահների հետ»։ Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր շահերից է բխում անհապաղ, առանց նախապայմանների վերջ դնել ռազմական գործողություններին և արդյունավետ մեկնարկել բանակցությունները։
«Նորույթն է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը, ինչը հակամարտության միջազգայնացման սպառնալիք է առաջ բերում, ինչը մենք չենք ցանկանում։ Մենք շատ հստակ արտահայտում ենք մեր կամքն առ այն, որ փոխզիջումը, որը ենթադրում է ցանկացած նախապայմանից հրաժարում, հրադադարի ռեժիմի հարգում և բանակցությունների վերսկսում, հանգեցնի ընդհանուր դրական լուծման, եթե նույնիսկ դրա համար փոքր-ինչ ժամանակ պահանջվի։ Մեր ցանկությունն է հանգել բանակցությունների մեկնարկին»։
Civilnet











