Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ, ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում։
Նա նշել է, որ Արցախի իշխանությունները դատապարտում են Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները։
«Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը»,- ասել է Պողոսյանը։
Ավելի վաղը Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է։
Civilnet











