Հոկտեմբերի 12-ին Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ այդ որոշումը հիմնավորելով ապացույցների բացակայությամբ, որոնք «կփաստեին՝ այդ զենքն օգտագործվել է Հայաստանի դեմ պատերազմական հանցագործությունների նպատակով»։
Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչներից Մարինա Կոզլիները ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակելու են պայքարը՝ բոլոր օրինական միջոցներով հասնելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի արգելմանը։ Անգամ փաստաբան են վարձել։
Օրերս նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև իսրայելցի մի շարք գիտնականներ։ Նրանք շեշտում են՝ «Realpolitik շահերը չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ ներգրավելով ամենաարդի տեխնիկան, որով թիրախավորվում է Արցախի խաղաղ բնակչությունը։ Արցախի տեղեկատվական շտաբն ու ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացնում են խոցված իսրայելական ԱԹՍ-ների բեկորներ և ռումբեր։
Այդ վկայություններն իր զեկույցներում ներառում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Ադրբեջանական ագրեսիայի առաջին օրերին Հայաստանը ի նշան բողոքի հետ է կանչել Իսրայելում իր դեսպան Արմեն Սմբատյանին։ Իսրայելում Հայաստանի դեսպանությունն սկսել էր գործել այս ամռան վերջին: Դեսպանատան բացումը նախատեսվում էր տարեսկզբին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով բացումը հետաձգվել էր։
Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ 2015-2019թթ․ Ադրբեջանը զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում 30-րդ տեղում էր, և թիվ մեկ մատակարարը Իսրայելն էր (60 տոկոս), ապա՝ Ռուսաստանը (31 տոկոս) և Թուրքիան (3,2 տոկոս)։
Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, Ալիևի հաշվարկների ու Իսրայել-Ադրբեջան համագործակցության մասին Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է Ադրբեջանի կողմից հետապնդումների ենթարկված, ադրբեջանական բանտում մահափորձից փրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ։
Ստելլա Մեհրաբեկյան