«Միջազգային հանրությունը հստակ տարբերակում պիտի մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում լարման վրա և ովքեր դրսևորում են կառուցողական մոտեցում»,- նման հայտարարություն արեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն այսօր Երևանում Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Դենդիասը մտահոգիչ ու ռիսկային է համարում Անկարայի ներգրավվածությունը արցախյան հակամարտությունում։ Նա հիշեցրեց, որ իրենք օրեր առաջ հետ են կանչել Ադրբեջանում Հունաստանի դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։
«Հունաստանը ի սկզբանե իր ձայնը բարձրացրել է, մենք առաջինն էինք, որ պահանջեցինք ԵՄ արձագանքը այս կոնֆլիկտի բորբոքման հարցում»,- ասաց Դենդիասը։
Հարցին, թե արդյո՞ք քննարկվում է Հայաստանի ներգրավվածությունը հակաթուրքական կոալիցիայում, Հունաստանի արտգործնախարարը պատասխանեց՝ Հունաստանը փորձում է ստեղծել ընդհանուր ըմբռնմամբ մի համայնք տարբեր երկրների միջև, ովքեր կայունության ու խաղաղության միևնույն արժեքներն ունեն. «Մենք չենք համարում այս փոխըմբռնումը կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, այլ համարում ենք խաղաղություն սիրող երկրներ։ Մենք ուրախ կլինեինք, եթե Թուրքիան էլ կիսեր այդ արժեքները մեզ հետ, բայց անկեղծ ասած, մենք ուրախ չենք տեսնել, որ Թուրքիան մյուս կողմում է գտնվում»,- ասաց նա։
Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Արցախում սկսված ռազմական գործողություններին, շեշտեց՝ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների գործոնները Բաքվում ստեղծել են վտանգավոր հաշվարկ, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրությանը. «Հարցը եղել ու մնում է պարզ՝ խոսքը վերաբերում է գոյութենական անվտանգությանը, մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի ճանաչումը գերակա խնդիր է ու նաև պաշտպանության միջոց»,- ասաց Հայաստանի ԱԳ նախարարը։ Վերջինս վստահեցրեց, որ Հայաստանը հավատարիմ է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, ինչպես նաև ընդգծեց՝ արցախյան հարցում ուժի միջոցով հանգուցալուծում չի լինելու։
Civilnet











