Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել․ այս մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Ֆրանսիացի 22 խորհրդարանականներից բաղկացած մի խումբ հոկտեմբերի 15-ին պահանջել էր, որ Ազգային ժողովը բանաձև ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Այն հարցին, թե ի՞նչ է ինքը մտածում այս նախաձեռնության մասին Իդալգոն պատասխանել է, որ հասկանում է խորհրդարանի մոտեցումը։
«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք: Բայց Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ միայն Մինսկի խումբը համանախագահությունը կարող է թույլ տալ վերադառնալ խաղաղության և անվտանգության: Այնպես որ, ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել խաղաղ լուծում գտնելու Ֆրանսիայի ջանքերին: Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱԳՆ-ի հետ, որն արդյունավետ և պրագմատիկ կերպով աշխատում է՝ հակամարտությունը դադարեցնելու համար: Նպատակն այն է, որ հայերը կարողանան կայուն ու անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, ինչպես Հայաստանում: Ես կիսում եմ Ֆրանսիայի կառավարության առաջնահերթությունները, որը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ձգտում է դադարեցնել բախումները և վերադառնալ բանակցություններին: Ես որպես անհատ՝ կողմ եմ ինքնորոշմանը, Հայաստանին պետք է աջակցել այս փորձության մեջ և այս պայքարում»,- նշել է Փարիզի քաղաքապետը։
Civilnet











