Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Նիստն ընթացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյայի նախագահությամբ, ով հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:
«Հիմա պետք է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել», - նշել է ռուսաստանցի դիվանագետը:
Ըստ նրա՝ գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, այն խորհրդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է:
«Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ», - նշել է Նեբենզյան:
Միաժամանակ նա հայտնել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատ:
«Դա արագ գործընթաց չէ, կա հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ քննարկել է այն հարցը, թե ինչպես հնարավոր կլիներ իրականացնել վերահսկողությունը», - ասել է նա:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը չի բացառել, որ վերահսկողության խնդիրը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն, առավել ևս, որ հենց այդ կառույցն է առաջ տանում կարգավորման գործընթացը:
«Թե ով և ինչ կարգավիճակում այնտեղ կլինի՝ դա հարց է, որը դեռ քննարկվում է», - ասել է Վասիլի Նեբենզյան:
Նյու Յորքում Ղարաբաղի հարցով քննարկումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախաձեռնությամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի նոր պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, արդեն մեկ անգամ քննարկել էր հակամարտությունը և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակն ու բանակցել:
Civilnet











