Գլխավոր Լրահոս

Համբերության բաժակը լցվել է

Համբերության բաժակը լցվել է

Երեկ Շենգավիթ համայնքում ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե այս անգամ դատապարտված ենք ազատ ու արդար ընտրություններ անցկացնելուն, որովհետև և՛ հասարակության, և՛ քաղաքական ուժերի համբերության բաժակը լցվել է: Ելույթից մի հատված մեջբերված է ստորև:

Խորհրդարանական այս ընտրությունը մեր քսանամյա անկախության թերևս ամենակարևոր ընտրությունն է:

Առաջին՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հրամայականը երբեք այսքան հրատապ չի եղել: Միաժամանակ, այդ իրավիճակը փոխելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել:

Երկրորդ՝ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը երբեք այսքան ճակատագրական չի եղել: Միաժամանակ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել:

Այլ կերպ ասած՝ երկու պարագաներում նպատակն ու հնարավորությունը համընկնում են: Իհարկե, բոլոր վերը նշված գործոնները շաղկապված են և մեկը մյուսին լրացնում են:

Կուզենայի սկսել վերջից: Այս անգամ իրատեսական է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, որովհետև և՛ հասարակության, և՛ քաղաքական ուժերի համբերության բաժակը լցվել է: Բոլորը վճռական են միասնաբար ու առանձին-առանձին պայքարել ընտրակեղծիքների դեմ: Դրա մասին են վկայում հասարակական բազմաթիվ շարժումները և քաղաքական ուժերի՝ ընտրակեղծիքների դեմ միասնաբար պայքարելու գործնական քայլերը:
«Բարգավաճ Հայաստան»-ը վճռական է այս հարցում: Մենք ներդնելու ենք մարդկային և տեխնիկական հնարավոր բոլոր ռեսուրսները և ինչպես առանձին, այնպես էլ մյուս ուժերի հետ համագործակցությամբ պայքարելու ենք ընտրակեղծիքների դեմ, տեր ենք կանգնելու ու պաշտպանելու ենք յուրաքանչյուրի քվեն:

Հայաստանի համար ազատ ու արդար ընտրությունները անհրաժեշտ են՝ որպեսզի վերականգնենք ժողովրդի վստահությունը համակարգի հանդեպ, որպեսզի խորհրդարանը ճիշտ արտացոլի երկրում առկա քաղաքական պատկերը, որպեսզի կարողանանք վերացնել քաղաքական մենաշնորհը և կառուցենք իրական հակակշիռների վրա հիմնված քաղաքական համակարգ, որպեսզի նոր խորհրդարանը և նոր կառավարությունը ունենան օրինականության և ժողովրդի վստահության այնպիսի պաշար, որը թույլ կտա լուծել ժողովրդի առջև ծառացած բարդագույն խնդիրները, իրականացնել մեր երկրի առաջընթացի համար անհրաժեշտ և անխուսափելի խորքային բարեփոխումները և դիմագրավել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին:

Առանց ազատ ու արդար ընտրությունների, առանց քաղաքական հակակշիռների և առանց օրինականության մենք պարզապես դատապարտված ենք ձախողման:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում